ԼՂ–ի բնակիչները իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն կարող են ստանալ. Փաշինյան
«Պետք է արձանագրել, որ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է»,- այսօր Կառավարության նիստում անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են ԼՂ-ի գործընկերների հետ. «Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան և դա ԼՂ-ի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք: Սա ասում ենք, քանի որ նկատի է առնվում, որ ԼՂ-ի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական, բայց շատ կարևոր է, որ ամեն պահի մենք ունենանք ճշտված և ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին և նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին: Նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Հիմա ես ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի»: