«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չի՛ կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Սերժ Սարգսյան

24/11/2023

Ըստ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը չի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը: Այս մասին նա ասաց այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Համենայն դեպս՝ ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասացին՝ ընդունում ենք, ոչ էլ ասացին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն:

Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ ԱԼիեւի հետ չի բանակցել, իսկ ես բանակցում եմ... Մենք տեսանք՝ ինչի՛ բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է որպես բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցության արդյունքն ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ու՞մ է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին:

Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի, եւ եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»: