«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Եթե հարաբերություններում ճգնաժամ չլիներ, Ռուսաստանի դեսպանության այսօրվա հայտարարությունը նման ոճաբանության մեջ չէր լինի». Սուրեն Սուրենյանց

18/08/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

 Պարո՛ն Սուրենյանց, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտգործնախարարություն, որում իր դժգոհությունն է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների համար: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ դեսպանության այս քայլը, ինչի՞ մասին է այն վկայում, ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

– Եթե շատ կարճ ձևակերպեմ՝ սա նշանակում է անվստահություն Հայաստանի իշխանության հանդեպ, ու ես չեմ կարծում, որ նման կոշտ արձագանքի պատճառը միայն «Սուրմալու» առևտրի կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձություններն են, ուղղակի սա առիթ էր: Պետք է մեր մեջ գտնենք խնդիրը:

Մեր իշխանությունը, որպես կանոն, երբ ինչ-որ բան է տեղի ունենում, փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել ու հանրային կարծիքն ուղղորդել այս կամ այն սուբյեկտին մեղադրելու: Կարծում եմ, որ Մոսկվայի մոտ նման գործելաոճը նստվածք է թողել, ու, օգտագործելով նաև վերջին դեպքը, որոշել են նման կոշտ ձևով արձագանքել:

Ռուսաստանի դեսպանության արձագանքը ես մի քիչ չափազանցված ու կոշտ եմ համարում, անկեղծ ասած, բայց սա գալիս է նրանից, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններում որոշակի լարվածություն, անվստահություն կան, այս հայտարարությունը սրա մասին է խոսում: Չեմ կարծում, թե այս հայտարարությունը շատ մեծ հետևանքներ է ունենալու, բայց որ անվստահության ցուցիչ է՝ ակնհայտ է:

– Այլ պատճառների թվում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը կարո՞ղ ենք դիտարկել, որով, ըստ էության, վարչապետը դժգոհություն էր արտահայտում ռուս խաղաղապահների գործողություններից:

 – Այո՛: Ընդհանրապես, դաշնակից երկրները նման տոնայնությամբ իրար հետ չեն խոսում, դա բնորոշ չէ դաշնակից պետությունների խոսույթին: Ռուսները կարող են նույն կերպ համարել, որ դաշնակից երկրին վայել չէր, երբ Նիկոլ Փաշինյանը խաղաղապահների գործունեության մասին հրապարակային հայտարարությունը ուղեկցում էր, թեկուզ թույլ, բայց շանտաժի որոշակի բաղադրիչներով: Մոսկվայում կարող է այսպես գնահատվել այդ ելույթը, ու նրանք էլ առիթը օգտագործեցին, շատ կոշտ հակադարձեցին այս միջադեպին:

 – Պարո՛ն Սուրենյանց, ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ Փաշինյանի այդ ելույթից հետո չեղավ նման հայտարարություն ռուսական կողմից, եթե այսօրվա հայտարարության պատճառներից մեկն էլ դա եք համարում:

– Նախ մենք շատ քիչ ինֆորմացիա ունենք հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններում՝ ստվերում կատարվողի մասին, գուցե մոտիվներ կան, որոնք մեզ հայտնի չեն, ըստ երևույթին, նման մոտիվներ կան: Երկրորդ՝ եթե կհիշեք, այդ ելույթից հետո, ճիշտ է, Պեսկովը մեղմ արձագանքեց, բայց Լավրովը բավականին կոշտ արձագանքեց՝ ասելով, որ ոչ մի առաջարկ իրենք չեն ստացել: Եթե այդ հայտարարությունը դիվանագիտական քողածածկույթից անդին դիտարկենք, դա բավականին կոշտ արձագանք էր, ինչը նշանակում էր, որ Երևանից միայն բողոքում են՝ առանց առաջարկ ներկայացնելու:

Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ որոշակի ընթացիկ լարվածություն կա, որը հիմք է տվել, որպեսզի ռուսները նման կոշտ հայտարարությամբ հանդես գան: Խնդիրը նաև մեր իշխանության վարքագծում պետք է տեսնենք, որովհետև իր հակասական հայտարարություններով, ոչ ադեկվատությամբ մեր իշխանությունը վստահելի գործընկերոջ իմիջ չունի թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում, ու նման արձագանքի հիմնական պատճառը սա է, ոչ թե կոնկրետ միջադեպը:

 Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունն առաջացավ Փաշինյանի այդ ելույթի՞ց հետո, թե՞ մինչ այդ էլ արվել են քայլեր, որոնք նպաստել են հարաբերությունների լարվածությանը:

– Բազմաթիվ առիթներ են եղել. և՛ Ռուսաստանն է առիթ տվել, որպեսզի այդ հարաբերություններում որոշակի լարվածություն առաջանա, որովհետև հաճախ Մոսկվայի քաղաքականությունը բավականին կոշտ է լինում, և՛ Հայաստանի իշխանությունն է տվել առիթ՝ իր անադեկվատ պահվածքով:

Նույն խաղաղապահների թեման դիտարկենք. դաշնակից պետությունները, մանավանդ երբ դու ռեսուրսներով շատ ավելի թույլ վիճակում ես գտնվում, հարաբերությունները պարզում են ոչ թե հրապարակային հարթության վրա, որովհետև դա կարող է դիտվել շանտաժ կամ ճամբարափոխության ակնարկ, այլ փորձում են դիվանագիտական խողովակներով կարգավորել այդ բոլոր հարցերը:

Այո՛, դաշնակիցների առաջ երբեմն շատ սուր հարցեր պետք է դնել, այո՛, խաղաղապահների հարցը պետք է շատ սուր Մոսկվայի առաջ բարձրացնել, բայց դա չպետք է լինի հրապարակային հայտարարությունների մակարդակով, որովհետև եթե դու նվազ ռեսուրսներով նման հայտարարություն ես անում, պետք է սպասես ավելի կոշտ հակադարձման, ինչն այսօր տեսանք:

– Այս հայտարարությանն ի պատասխան որո՞նք պետք է լինեն հայկական դիվանագիտության քայլերը:

– Շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի իշխանությունը եղած խնդիրները փորձի կարգավորել դիվանագիտական խողովակներով, համենայնդեպս, ես չեմ կարծում, թե սա պատեհ ժամանակ է, որ մենք պետք է գնանք հակադարձումներով ու ավելի մեծ լարվածություն առաջացնենք հայ-ռուսական հարաբերություններում, որովհետև մենք հիմա շատ վտանգավոր իրավիճակում ենք գլոբալ անվտանգային ու Արցախի հարցերում ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր թշնամիներին՝ Թուրքիա, Ադրբեջան, առիթ չտանք, որ իրենք խաղադրույք կատարեն հայ-ռուսական հարաբերությունների լարվածության վրա: Մոսկվայի հետ պետք է խոսել, բայց ոչ հրապարակային հակադրության մեջ մտնելով:

– Այսինքն՝ հրապարակային պատասխանը սխա՞լ կհամարեք, եթե այն լինի, պարո՛ն Սուրենյանց:

– Եթե նույնիսկ լինի, ճիշտ կլինի, որ այն պարզաբանող լինի, ու պաշտոնական Երևանը չգնա հակադրության ճանապարհով, որովհետև, կրկնում եմ, իրավիճակն այնքան բարդ է Հայաստանի շուրջ, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի խորացումը Հայաստանին բնավ պետք չէ:

– Իսկ ռուս-հայկական հարաբերություններում կա՞ ճգնաժամ:

– Եթե ճգնաժամ չլիներ, դեսպանության այսօրվա հայտարարությունը նման ոճաբանության մեջ չէր լինի: Կարող էր դարձյալ նոտա լինել, բայց դա նման ձևով չհրապարակայնացվեր կամ նման կոշտ ձևակերպումներով չլիներ:
 Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am