Պատմությունը եկավ ապացուցելու, որ արտաքին անվտանգության խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքը բանակը չէ. Նիկոլ Փաշինյան
Անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթաց է, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարեր կամ՝ այդ գարշապարերը հնարավորինս դարձնել պաշտպանված»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նախորդող շրջանում Հայաստանի պատկերացումը եղել է, որ մեր արտաքին անվտանգության խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են ու բանակը։
«Բայց մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին, ոչ էլ երկրորդ կետով։ Առաջին մասով, ընդ որում, չաշխատեց երեք անգամ. ՀԱՊԿ-ն արձանագրում էր, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան՝ Հայաստանը և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա։
Վարչապետը հայտարարեց, որ անվտանգտության ապահովման առաջնային գործիքների կազմում, թերևս, մոռացել էինք կարևորագույն ինտիտուտներից մեկը, որը հետագայում դարձավ անվտանգության ռազմավարության առանցքներից մեկը, այդ գործիքը լեգիտիմությունն է։
«Եվ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ կարևորագույն խոսակցություն, և այստեղ էր, որ մենք հենվեցինք Ալմաթիի հռչակագրի վրա ու տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին՝ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե սա էր այն շրջադարձային կետը, որը փոխեց իրենց ամբողջ ռազմավարությունը։