«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Երախսում միջադեպը պարզապես պրոֆիլակտիկ քայլ է, որ մտքներովդ չանցնի հրաժարվեք պայմանավորվածությունների կատարումից». քաղաքագետ

21/07/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը

 Պարո՛ն Պողոսյան, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է: Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հրահրումը, և ինչու՞ է թիրախավորվել Երասխը:

– Այն, ինչ կատարվում է սահմանին, սպասելի էր ու զարմանալի չէ, հատկապես այն բանից հետո, երբ մայիս ամսին ադրբեջանցիներն առանց որևէ արգելքի մի քանի կիլոմետր մտան Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ:

Ադրբեջանցիների կամ միջազգային փորձագետների մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞վ է տարբերվում Արարատի մարզը Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզերից, եթե այստեղ Հայաստանը որևէ կերպ չի կանխել Ադրբեջանի առաջխաղացումը, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները նույնը չեն կարող անել Երասխում կամ սահմանամերձ այլ գյուղում:

Իսկ ինչո՞ւ Երասխը. կարծում եմ՝ սա Հայաստանի նկատմամբ ճնշման հավելյալ փորձ է, որպեսզի ակտիվանան այն պայմանավորվածությունների կատարումները, որոնք ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերին և 2021-ի հունվարին, և ինչ-որ առումով սառեցվել էին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Ադրբեջանն այսկերպ ճնշում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս չփորձեն խուսափել կամ հետաձգել պայմանավորվածությունների կատարումը, մյուս կողմից էլ՝ ճնշում է գործադրում հասարակության վրա՝ նոր լայնածավալ պատերազմի վերսկսման սպառնալիքով, որպեսզի հասարակության մի մասը ևս որևէ կերպ չդիմադրի այդ պայմանավորվածությունների կատարմանը՝ հասկանալով, որ դրա այլընտրանքը նոր լայնածավալ պատերազմն ու զոհերն են: Իսկ Երասխն ընտրվել է երևի նրա համար, որ ավելի մոտ է Երևանին:

 Կարծում եք, թե Ադրբեջանը իշխանությունից պայմանավորվածությունների չկատարման, հետաձգման ազդակնե՞ր է ստացել, որ այսկերպ ճնշում է գործադրում, թե՞ սա ուղղակի Ադրբեջանի ձեռագիրն է, ու փորձում է նոր օրակարգ թելադրել:

– Չեմ կարող ասել, բայց մեկ բան հստակ է՝ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը սառեցված էր: Իսկ այժմ, երբ իշխանության են մնացել նույն մարդիկ, Ռուսաստանն ու Ադրբեջանը սպասում են պայմանավորվածությունների կատարմանը:

Իմ գնահատմամբ՝ սա նույնիսկ պրոֆիլակտիկ քայլ է, այսինքն՝ ոչ թե հստակ ուղերձներ են եղել, որ մենք հրաժարվում ենք պայմանավորվածությունների կատարումից, այլ պարզապես պրոֆիլակտիկ քայլ է, որ մտքներովդ չանցնի հրաժարվեք պայմանավորվածությունների կատարումից:

Կարծում եմ՝ նույնը Սյունիք և Գեղարքունիք ներխուժումն էր՝ պարզելու, թե ինչպիսին կլինի Հայաստանի արձագանքը, և Ադրբեջանը պարզեց, որ Հայաստանը կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ցանկանում, կամ ո՛չ ի վիճակի է, ո՛չ ցանկանում է պաշտպանել իր տարածքները, հետևաբար այս առումով էլ կարելի է հանգիստ ճնշել, որ չհրաժարվի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից:

 Պարո՛ն Պողոսյան, միջազգային արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի ստեղծված իրավիճակի մասով: Մասնագիտական որոշ խմբեր ասում են, թե Ռուսաստանը Ադրբեջանի հետ համատեղ է գործում, համակարծի՞ք եք: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի գրառումն ի՞նչ նպատակով էր արված:

– Չեմ կարծում, թե Ֆրանսիայի դեսպանի գրառումը քաղաքական հատուկ ուղերձ է՝ համաձայնեցված կենտրոնական իշխանությունների հետ: Դա նրա անձնական նախաձեռնությունն է, և ես այդ գրառման տակ լուրջ աշխարհաքաղաքական ենթատեքստ չեմ տեսնում:

Ռուսաստանն իր դիրքորոշումը հստակ հայտարարել է, որ անհրաժեշտ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա, որպեսզի նման դեպքեր չլինեն, իսկ քանի դեռ սահմանները ճշգրտված չեն, այսպիսի դեպքերից հնարավոր չէ խուսափել: Նույնը հայտարարեց նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Այս առումով էական տարբերություն չեմ տեսնում միջազգային արձագանքի մեջ, բոլորն էլ նշել են, որ, այո՛, որպեսզի անվտանգություն և կայունություն լինեն, անհրաժեշտ է սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի բանակցություններ, որից հետո, եթե ինչ-որ մեկը խախտի այդ դեմարկացված սահմանը, կարելի է խոսել ագրեսիայի և այլնի մասին:

Ընդ որում, ոչ ոք չի նշում, թե այդ գործընթացն ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վերաբերյալ:

Բայց սա մեր հիմնական խնդիրն է, որովհետև այդ գործընթացը ենթադրում է սահմանների փոխադարձ ճանաչում: Եթե մենք փորձենք ասել, որ սա Արցախի հարցի հետ որևէ կապ չունի, ասում ենք ինքներս մեզ համար: Արտաքին աշխարհի համար, եթե սահմանները ճշգրտվում են մոտավորապես խորհրդային շրջանի վարչական սահմանների երկայնքով, իսկ կարծես այլընտրանք չկա, ապա պարզ է, որ միջազգային հանրության տեսանկյունից դա նշանակում է, որ այն, ինչ Խորհրդային Ադրբեջանն էր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը, ներկայիս Ադրբեջանին է պատկանում:

Այս առումով բարդ իրավիճակում ենք, քանի որ բոլոր խաղացողներն էլ խոսում են Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի անհրաժեշտության մասին:

 Ձեզ ճի՞շտ հասկացա, որ միջազգային բոլոր խաղացողների նպատակը հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտումն է, իսկ այդ պարագայում Հայաստանը ևս պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն էլ ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածք է համարվելու:

– Դրա մասին ոչ ոք չի ասում, սակայն, այո՛, միջազգային բոլոր խաղացողներն էլ շահագրգռված են, որ 2020 թվականին տեղի ունեցած տարածաշրջանային անվտանգության փլուզումը կայունանա:

Սրանով շահագրգռված են բոլորը և բոլորը հասկանում են, որ իրավիճակի կայունացում նշանակում է նաև նոյեմբերի 9-ին ձեռք բերված ստատուս քվոյի պահպանում:

Եթե հիմա կողմերից մեկը, իսկ դա կարող է լինել միայն Հայաստանը, ձեռնարկի ստատուս քվոն փոխելու քայլեր, հասկանալի է, որ կայունություն չի լինելու:

Ըստ այդմ՝ մարդիկ շահագրգռված են Հայաստանում ստեղծել պայմաններ, որպեսզի քիչ հավանական լինեն ստատուս քվոյի փոփոխմանը միտված տրամադրությունները երկրի ներսում: Եվ Եվրամիության առաջարկած 2,6 մլրդ եվրոյի դրամաշնորհի փաթեթը տեղավորվում է այս տրամաբանության մեջ:

Հայաստանում սկսվել է տնտեսական ակտիվություն, ինչ-որ չափով բարձրացել է մարդկանց կենսամակարդակը, որպեսզի այդ մարդկանց մոտ ավելի թուլանա նոյեմբերի 10-ի ստատուս քվոն փոխելու ցանկությունը, որովհետև այդ փոփոխությունը հնարավոր կլինի միայն պատերազմի միջոցով, բնականաբար, եթե լինի տնտեսական աճ, ապա զգալի թվով մարդիկ չեն համաձայնի այդ փոփոխությանը:

Հետևաբար բոլոր միջազգային խաղացողներին ձեռնտու է պահպանել կայունությունը ոչ թե նրա համար, որ նոր ձեռք բերված ստատուս քվոն բոլորին է ձեռնտու, այլ որ տարածաշրջանում անկայունություն չլինի գոնե 5-10 տարի, որովհետև տարածաշրջանային ոչ մի խաղացող երկար տարիների կտրվածքով ծրագրեր չի մշակում:

MediaLab.am