«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները շարունակվում են. այն կբացվի 2021-ին

17/12/2020

Երևանի կրկեսում շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Նախնական տվյալներով՝ կրկեսն իր դռները հանդիսատեսի առաջ կարող է բացել մինչև 2021 թվականի ավարտը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ  շինարարական գործընթացը կանգ է առել միայն պատերազմի ընթացքում, քանի որ շինարարները կամավորության սկզբունքով մեկնել են ռազմաճակատ:

«Կրկեսի առաստաղի կառուցման աշխատանքը բավականին բարդ է, և հատուկենտ մարդիկ կարող են այն որակով իրականացնել, իսկ այդ աշխատանքը կատարող բոլոր շինարարները պատերազմ էին մեկնել: Հիմա վերադարձել են ու շարունակում են գործը»,-ասաց Պետրոսյանը:

Նա ընդգծեց՝ չնայած համավարակին և պատերազմին, կրկեսին կից Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց ստուդիան գործում է՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: «Ոչ մի օր կանգ չենք առել, և սաներն առանց փորձի չեն մնացել: Բարեգործական միջոցառումներով ենք հանդես եկել, ներկայացումներ պատրաստել Արցախից Հայաստան եկած երեխաների համար: Այժմ աշխատում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահում, բայց մարտից կտեղափոխվենք Երևանի նոր կրկեսի շենք»,-նշեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ փորձերի համար հատուկ տարածք ունեն նոր շենքում, որն արագացված ռեժիմով պատրաստվում է:

Սոս Պետրոսյանի խոսքով՝ համավարակ է, պատերազմ էր, մարդիկ հուսահատված են, բայց իրենք կրկեսով կգան օգնելու ժողովրդին, նրանց հնարավորություն կտան կրկին ծիծաղել, ապրել, կփորձեն կրկեսային կախարդական աշխարհով հանդիսատեսին ժպիտներ պարգևել:

Պետրոսյանը տեղեկացրեց, որ կրկեսին նվիրված երկու գիրք է հրատարակել: Այժմ տպարանում է երրորդ գիրքը, որը կոչվում է «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գիրքը, որի շնորհանդեսը Սոս Պետրոսյանը նախատեսում է անել նոր կրկեսի բացմանը: