«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԱՄԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ» Զորավար Սեպուհ

21/09/2021

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո/1920թ. ապրիլի 28/, 1920թ. մայիսի 3-ին, տեղի է ունենում Հայաստանի խորհրդարանի արտակարգ նիստը, որը քննարկում է այդ խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանի վերջնագիրը Հայաստանին, որով պահանջում էր երեք օրվա ընթացքում մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը հայկական զորքերց:

Ներկայացնում ենք  ՀՀ Խորհրդարանի պատգամավոր, 4 – րդ արտակարգ բրիգադի հրամանատար զորավար Սեպուհի  Խորհրդարանի 1920թ .մայիսի 4 – ի նիստում  ելույթը, որն ունի արդիական նշանակություն:

 

«Վերջին դեպքերը ինձ համար շատ տարօրինակ են: Ապրիլի 28-ին Ադրբեջանը առաջարկում է Հայաստանին հետ քաշել զորքերը Ղարաբաղից, իր ույժերը բոլշևիկների դեմ տանելու համար և չորս ժամ հետո հայտարարում է խորհրդային իշխանություն: Այս դեպքերը շատ նման են 1908թ. դեպքերին, երբ Տաճկաստանը հայտարարվեց սահմանադրական երկիր, այո, հայտարարվեց, բայց և անմիջապես կազմակերպեց Ադանայի չտեսնված ջարդը: Այսօր, Ադրբեջանը դարձել է սովետական և երկու օր չանցած սպառնում է մեզ, ինչու’, որպեսզի իր զորքերը Հայաստանի վրայով միացնե Տաճկաստանի «կարմիր» զորքերին, այն Տաճկաստանի, ուր չկա, չի եղել և չի կարող լինել «կարմիր» զորք, այլ կա միայն կարմիր սուլթան:

Այսպիսի սպառնալիքներ հայ ժողովուրդը շատ է տեսել, ես պահանջում եմ կառավարությունից ոչ մի ուշադրություն չդարձնել: Դրանք խաղեր են, սարքված ադրբեջանական կարմիր դահիճների ձեռքով  հայ ժողովրդին բնաջնջելու նպատակով, սակայն նրանք չեն հասնի իրենց նպատակին, քանի կանգուն է մեր քաջարի բանակը:

Իմ զորամասը այսօր ուղարկված հեռագրով խոստանում է կռվել մինչև վերջին մարդը և մի թիզ հող չզիջել թշնամուն (խանդավառ ծափեր): Ես  հայտարարում եմ ձեզ, որ այդ ոգով տոգորված է մեր ամբողջ բանակը. հենված նրա վրա, կառավարությունն աներեր հավատով պետք է առաջ տանի մեր հայրենիքի պաշտպանության գործը (բուռն ծափեր):

Երկրորդ վերջնագիրն ստացված է Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից: Մենք միշտ կարող ենք խոսել նրանց հետ, որովհետև ռուսական հեղափոխական իշխանությունը մեզ համար բոլորովին այլ արժեք և այլ նշանակություն ունի, սակայն այս դեպքում ևս կառավարությունը չպիտի մոռանա, որ ամեն բանակցությամբ ամեն համաձայնության նախապայմանն է Հայաստանի անկախությունը: Ես իբրև զինվորական, ինձ հետ նաև հայ բանակը, կոչված ենք պաշտպանելու հայ հայրենիքի անկախությունը բոլոր վտանգների դեմ, դա է մեր գերազանց պարտքը և թող կառավարությունը չմոռանա, որ հայ բանակը գիտե կատարել իր պարտքը սրբությամբ»:

«Նոր Աշխատավոր», թիվ 33 (105), 14 մայիսի, Թիֆլիս,1920: