«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

12/03/2021

2020 թվականին  փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ի ՞նչ է սահմանում չափորոշիչը
Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության և զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաև նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձևավորման չափանիշները:
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:
Ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են: Կրթության զարգացման այժմյան միտումները (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ուղղված են նրանց համակողմանի զարգացմանը` կարևորելով կրթության դերը, մասնավորապես սահուն անցմանը դպրոցական կյանքին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը, որը նոր մոտեցում է:
Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Մասնավորապես տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել և հասկանալ։
Սահմանված են հետևյալ կարողունակությունները.
Լեզվական և հաղորդակցական,
Ճանաչողական և մոտիվացիոն,
Ինքնաճանաչողական և սոցիալական,
Ժողովրդավարական և քաղաքացիական,
Թվային և մեդիա,
Մշակութային,
Մաթեմատիկական և տեխնիկական,
Տնտեսական,
Ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի:
Վերջնարդյունքներ և կրթության բովանդակություն
Չափորոշչով սահմանված են նաև երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ,  նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը, որոնք ներառում են  շարժողական,  խոսքի և հաղորդակցման,   հուզական, սոցիալ-անձնային,  իմացական,  ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները: Տրված են նաև խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ և խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին:
Հավելենք, որ ըստ նախադպրոցական կրթության չափորոշչի` մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:
Ակնկալվում է, որ նոր չափորոշիչը հնարավորություն կտա վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին և ծնողներին ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր ակնկալիքներ, որոնք հիմնված կլինեն ավելի չափելի արդյունքների վրա:
Նոր չափորոշիչը միտված է նրան, որ կանոնակարգված քաղաքականություն իրականացվի նախադպրոցական և հանրակրթական ծառայությունների որակի ու արդյունավետության համեմատական գնահատման, ինչպես նաև երեխաների, ծնողների, մանկավարժական աշխատողների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային մարմինների, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության բարձրացման ուղղություններով:
Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 26-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները: