«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արամ Անանյան. «Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին»

03/02/2022

Փետրվարի 2-ին կայացավ հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան առաջին չվերթը։ «Airbus Α-320» օդանավը Զվարթնոց միջազգային օդանավակայանից շուրջ 60 ուղևորի տեղափոխեց Ստամբուլի ամենամեծ, նորակառույց օդանավակայան։ Առաջին թռիչքը լուսաբանելու համար օդանավակայանում են եղել թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը վայրէջքից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես ասելով հետևյալը.  

«Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին։ Դա մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունն այլ է․ որակյակ, մատչելի ու անվտանգ ավիացիոն ծառայությունների տրամադրումը, ինչի արդյունքում իրար են կապվում մարդիկ ու քաղաքները, աշխուժանում են տնտեսական ու գործարար կապերը, զբոսաշրջությունն ու փոխադարձ այցելությունները և մենք անելու ենք հնարավորը այն հավուր պատշաճի իրականացնելու համար»։

Անանյանը նաև նշեց, որ կարևորում են նման չվերթների մեկնարկը՝ ելնելով այն հանգամանքից, որ դրանք կսերտացնեն նաև հայկական համայնքի կապը մայր հայրենիքի հետ։ Վստահություն կա, որ այդ առումով չվերթները կլինեն հաջողված։

Նշենք նաև, որ փետրվարի 3-ին «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի գլխավորությամբ ընկերության անդամները կհանդիպեսն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Պոլսո հայոց համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի հայկական լրատվամիջոցների հետ:

Lրատվամիջոցների հետ հանդիպման կազմակերպմանն աջակցություն է ցուցաբերել Ստամբուլում  Սևծովյան տնտեսական համագործակցության Հայաստանի մշտական ներկայացուցչի գրասենյակը։  
https://www.ermenihaber.am/