«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմը տեղի ունեցավ, և Մոսկվան առաջինը ճանաչեց դրա արդյունքները

15/02/2022

Փետրվարի 14-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հունվարի 14-ին հայկական և թուրքական կողմերի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև փետրվարի 24-ին Վիեննայում երկու հատուկ բանագնացների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։

«Ռուսական կողմը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հետագայում էլ նպաստելու Երևանի և Անկարայի միջև շփման եզրերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանում կայունության և կայուն զարգացման», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին և երկրորդ հանդիպումների արանքում Բաքուն և Անկարան վավերացրել են այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ 2021 թվականի հունիսին ստորագրված այս փաստաթուղթը նախատեսում է թուրքական ռազմական օգնություն Բաքվին «սպառնալիքի դեպքում»։ Բաքվում սպառնալիք են անվանում հայկական կողմի «ռեւանշը», ինչպես նաև «սահմանազատման» և «միջանցքների» բացման պարտադրված գործընթացների հնարավոր խափանումը։ Բաքուն բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում, որ ուժ կկիրառի այդ խնդիրները լուծելու համար, եթե Հայաստանը «չհամաձայնի»։

Մոսկվան, որը փորձում է իր ուղեծրում պահել հայ-թուրքական հնարավոր պայմանավորվածությունները, չի արձագանքել «Շուշիի հռչակագրին»։ Իսկ Կրեմլին մերձ փորձագետները գրում են, որ Բաքու-Անկարա  դաշինքը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։

Ինչ վերաբերում է Անկարայի ու Բաքվի միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը, ապա, ըստ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, «ցանկացած գործընթաց, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորմանը, մտահոգիչ է»։ Միաժամանակ, Գրիգորյանը կարծում է, որ ՄԽ երկրներն ունեն բոլոր լծակները ակտիվանալու և ռազմական զարգացման ցանկացած փորձ կասեցնելու համար։

Ի՞նչ նկատի ունի Արմեն Գրիգորյանը Մինսկի խմբի երկրների լծակներ ասելով։ 2020 թվականի պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր, որ եթե Ռուսաստանն ի վիճակի է կանխել պատերազմը։ Պատերազմը տեղի ունեցավ, և Մոսկվան առաջինը ճանաչեց դրա արդյունքները։

Ինչի՞ մասին է այժմ ակնարկում Արմեն Գրիգորյանը՝ խոսելով գործընթացների մասին, որոնք «կարող են խոչընդոտել խաղաղ կարգավորմանը»։ «Շուշիի հռչակագրի» վավերացումից հետո ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայ-թուրքական գործընթացի դյուրացումը վկայում է, որ Հայաստանի հարցում Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածություններն անխախտ են։