«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի հիմքում պետք է ընկած լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ վարչապետ

25/09/2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների ժամանակ: Նա անդրադարձել է ԼՂ հակամարտության հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հուլիսյան սրացումներին: 

Վարչապետը վերստին հավաստել է Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում:

Նա նշել է, որ չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մեր տարածաշրջանում ականատես եղանք խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի:

«Հուլիսին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ագրեսիվ գործողությունը: Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ:

Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ:

Ավելին, Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի:

Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը՝ հավելելով, որ խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:

Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը:

Ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն:

Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են:

Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան  տարածաշրջաններում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:

Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:

Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:

Այս համատեքստում Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: