«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալեքսանդրապոլի 1920թ և Մոսկվայի 1921թ պայմանագրերի համադրական քննության շուրջ

16/03/2021

21 մարտի, 2019թ, ԼՐԱԳԻՐ 

Խորհրդային պատմագրության մեջ խորապես քննադատվել է քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը և ցույց տրվել Մոսկվայի` 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի դրական դերը հայ ժողովրդի կյանքում: Բանն այնտեղ էր հասել, որ խորհրդահայ շատ պատմաբաններ, ոչ ավել, ոչ պակաս, արձանագրում էին, թե Ալեքսանդրապոլի պայմանագրով իբրև թե վերականգնվում էին 1918 թ. Բաթումի պայմանագրի պայմանները: Ավելորդ է ասել, որ այդ իրողությունը ցույց է տալիս, թե նրանք չէին էլ բարեհաճել կարդալու Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Թերևս, կարելի կլիներ սրանով էլ ավարտել խնդիրը և նշել, որ տարածքային առումով Մոսկվայի պայմանագիրն անգամ զիջում էր Ալեքսանդրապոլի պայմանագրին: Սակայն երկու պայմանագրերի համադրական քննությունը ցույց տվեց, որ հիշյալ պայմանագրերն իրենց մեջ հետաքրքիր գաղտնիքներ են պարունակում, որոնց քննությունը կամենում ենք հանձնել ընթերցողի դատին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլում կնքված պայմանագրի` «Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարասուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի (իմա՛ Տիգնիս – Հ. Բ.) հյուսիս-արևմտյան մասը, Մեծ Կեմոյից (իմա՛ Մեծ Ղմլու – Հ. Բ.) դեպի արևմուտք, Կիզիլտայից (իմա՛ Ղըզըլ-Դաշ – Հ. Բ.) դեպի արևմուտք մինչև Մեծ Աղ-բաբան, այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի (իմա՛ Շահթախտիի – Հ. Բ.) շրջաններով, որոնք գտնվում են Կակի-դաղ (իմա՛ Կուքի-դաղ – Հ. Բ.), Կամասու լեռ (իմա՛ Գամասուր-դաղ – Հ. Բ.), Ղուրդ-ղուլաղ գյուղ, Սաատ լեռ (իմա՛ Սայաթ-դաղ
լեռ – Հ. Բ.)… Սարայ-բուլաղ … Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի
այն տեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ»:

Հայ-թուրքական սահմանագծի վերաբերյալ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի «Պայմանագիր Ռուսաստանի և Թուրքիայի միջև» վավերաթղթում ասվում է. «Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ (իմա՛ Շավշեթ – Հ. Բ.) սարի և Յաննի-դաղ սարի ջրբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Արդահանի և Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ` Արփաչայ (իմա՛ Ախուրյան – Հ. Բ.) և Արաքս գետերի հնահունով` մինչև Ստորին Կարասուի (իմա՛ Ստորին Ղարա-սու – Հ. Բ.) գետաբերանը (Սահմանագծի մանրամասն նկարագրությունը և դրան վերաբերող հարցերը պարզաբանված են 1 (A) և 1 (B) հավելվածներում և երկու Պայմանավորվող տերությունների կողմից ստորագրված առդրվող քարտեզի վրա)»:

Մոսկվայի պայմանագրի թիվ 1 հոդվածում, ինչպես դժվար չէ տեսնել, Թուրքիայի սահմանագիծը տարվում է նախ և առաջ Վրաստանի ՍԽՀ-ի, այնուհետև Հայաստանի ՍԽՀ-ի և Ադրբեջանական ՍԽՀ-ի հետ, որտեղ Հայաստանի ՍԽՀ սահմանագծի համար լոկ հստակ է, որ այն անցել է Արփաչայ և Արաքս գետերի հնահուներով: Հարցիս մեջ հստակություն է մտցնում թիվ 1 հավելվածը, որտեղից վերցնում ենք միայն Հայաստանի ՍԽՀ-ին վերաբերող հատվածը. «Սահմանագիծը շարժվում է Ուչ-Թափալյար (իմա՛ Ուչ-Թափալար – Հ.Բ.) (9783), Թայս-կալա (իմա՛ Թայս-ղալա – Հ. Բ.) (9716)–9065 գագաթը, որտեղ թողնում է Արդահանի մարզի (իմա՛ օկրուգի – Հ. Բ.) նախկին սահմանը և առաջ է շարժվում Մեծ Ախբաբա (իմա՛ Մեծ Աղբաբա – Հ. Բ.) (9973)–8828 (8827)–7602 լեռներով- անցնելով Իբիշ գետից դեպի արևելք ընկած տեղանքով, հասնում է 7518 բարձունքին և հետո Ղըզըլ-դաշ լեռանը (7439) (7490) – Նոր Ղըզըլ-դաշ (Ղըզըլդաշ) գյուղը – Ղարա-Մահմեդից անցնելով դեպի արևմուտք հասնում է Ջամուշբու-չայ գետին [գտնվում է Դելավեր, Մեծ Քմլի (իմա՛ Մեծ Ղմլու – Հ. Բ.) և Թիխնիս (իմա՛ Տիգնիս – Հ.Բ.) գյուղերից դեպի արևելք] – Վարդանլի (իմա՛ Վարդանլու – Հ. Բ.) և Բաշ-Շորագել (իմա՛ Բաշ-Շորագյալ – Հ. Բ.) գյուղերի վրայով, շարժվելով հիշյալ գետի երկայնությամբ` Քալալիից (իմա՛ Ղալալի – Հ. Բ.) դեպի հյուսիս, հասնում է Արփա-չայ գետին-այնտեղից շարունակ առաջ շարժվելով Արփա-չայի հնահունով, հասնում է Արաքս գետին – շարժվում է Արաքսի հնահունով մինչև այն տեղը, որտեղ Արաքսի մեջ թափվում է Ստորին Կարա-սուն (իմա՛ Ստորին Ղարա-սուն – Հ. Բ.): (Հասկանալի է, որ սահմանագիծն անցնում է վերոհիշյալ բարձունքների ջրբաժան գծի երկայնությամբ)»:

Նշված սահմանագծից Հայաստանի ՍԽՀ-ին չի վերաբերում Ղարա-սուից Ստորին Ղարա-սու ընկած հատվածը, որով Թուրքիան, ըստ Մոսկվայի պայմանագրի, պետք է սահմանակցեր Ադրբեջանական ՍԽՀ-ի հետ:

Արդ, ի՞նչ եզրակացությունների կարելի է հանգել բերված տեղեկություններից:

Նախ, որ, չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, Մոսկվայի պայմանագիրը, փաստորեն, վերահաստատելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը, դեռ մի 150 կմ2 էլ զիջում էր Թուրքիային` ի վնաս Հայաստանի ՍԽՀ-ի: Ալեքսանդրապոլի պայմանագրով թուրք-հայկական սահմանագիծն սկսվում էր Մեծ Աղբաբա լեռնագագաթից, ինչը հեշտությամբ բացատրվում է այն իրողությամբ, որ թուրքերի համաձայնությամբ վրացիները ռազմակալել էին Հայաստանի Հանրապետության Արդահանի և Չըլդըրի շրջանները: Սակայն հարկ է խոստովանել, որ քեմալական Թուրքիայի քաղաքական պլաններում, ինչպես ստորև կտեսնենք, դրանք, ինչպես և Վրաստանի Հանրապետության մեջ մտնող մի շարք շրջաններ, դիտվում էին որպես Թուրքիայի Հանրապետության մասեր:

Զարմանալի ներդաշնակություն կա հիշյալ երկու պայմանագրերում Նախիջևանի հարցում: Այսպես` Ալեքսանդրապոլի պայմանագրում ասված է. «Նախիջևանի, Շարուրի, Շահթախտի (իմա՛ Շահթախտիի – Հ. Բ.) շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի: Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ»: Շատ կարևոր է սահմանագծի խնդիրը Նախիջևանի հատվածում. «… այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակի-դաղ (իմա՛ Կուքի-դաղ – Հ. Բ.), Կամասու լեռ (իմա՛ Գամասուր-դաղ լեռ – Հ. Բ.)…, Ղուրդ-ղուլաղ գյուղ, Սաատ (իմա՛ Սայաթ – Հ.Բ.) լեռ…, Սարայբուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այն տեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ»:

Մոսկվայի պայմանագրի թիվ 1 (C) հավելվածում Նախիջևանի տարածքի մասին ասված է. «Արարատ կայարանը – Սարայ-բուլաղ լեռը (8071) – Քյումուրլու-դաղ (6839), (6930)–3080 – Սայաթ-դաղ (7868) և Քուրդ-Քուլաղ (Քյուրդ-քուլաղ) (իմա՛ Ղուրդ-ղուլաղ) գյուղը – Գամեսուր-դաղ (8166) բարձունքը (Գամասուր Դաղ – Հ. Բ.) – Քյուքի-դաղ (1082) (իմա՛ Կուքի-դաղ – Հ. Բ.)»: Թռուցիկ համեմատությունն անգամ ցույց է տալիս, որ Նախիջևանի հատվածում սահմանագիծը երկու պայմանագրում էլ նույնն է: Կամա թե ակամա հարց է ծագում, թե Խորհրդային Ռուսաստանի համառ պայքարը Հայաստանի ՍԽՀ-ի հարցում եղե՞լ է 150 կմ2 Թուրքիային զիջելը:

Կա մի հարց ևս, որը այլևայլ մտորումների տեղիք է տալիս: Թե՛ Ալեքսանդրապոլի և թե՛ Մոսկվայի պայմանագրերով Թուրքիային է անցնում Սուրմալուի գավառը, որը գործնականում Օսմանյան կայսրության մաս չի կազմել: Խորհրդային Ռուսաստանը, ճանաչելով Թուրքիայի Ազգային ուխտը, ոչ մի պարտավորություն չուներ այն զիջելու Թուրքիային: Ուստի, եթե ընդունենք, որ Հայաստանի առաջին հանրապետությունը Թուրքիայի ճնշման ներքո ստիպված է եղել այն զիջելու, ապա Խորհրդային Ռուսաստանին ոչինչ չէր պարտադրում Կարսի և Բաթումի մարզերը զիջելուց հետո Թուրքիային հանձնել այդ արգասաբեր գավառը: Քննությունը, սակայն, մեզ բերում է այն համոզման, որ Սուրմալուի խնդրում Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը եկել էին համաձայնության դեռ մինչև Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքելը:

Ինչու՞ ենք մենք այդպես կարծում: Խնդիրն այն է, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչ միայն կողոպտիչ, այլև ահավոր նվաստացուցիչ պայմանագիր էր այլևս իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության համար: Թուրքական կողմը, բառիս իսկական իմաստով, խեղդում էր հայկական պատվիրակությանն ամեն տեսակի պայմաններով: Հայկական պատվիրակությունը ստիպված էր իր ստորագրութունը դնել այնպիսի հոդվածների տակ, ինչպիսիք էին` «… Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», «… Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից` 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի` պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում», «Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտությունը կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ, ըստ իր ցանկության, տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով», «Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր» և այլն:

Ըստ էության, Ալեքսանդրապոլի պայմանագիրը ոչ թե երկու իրավահավասար
պետությունների միջև կնքված պայմանագիր է, այլ վավերաթուղթ, որն այլևս գոյություն չունեցող Հայաստանի Հանրապետությունը վերածում էր թուրքական կիսագաղութի:

Այս պայմանագրի առկայության դեպքում պարզապես զարմանալ կարելի է, որ թուրքական պատվիրակությունը, գործնականում առանց դժվարություններ հարուցելու, հայկական կողմին է զիջում նախկին Կարսի մարզից Աղբաբայի շրջանը:

Նախքան այս թնջուկի բացատրությանն անցնելը` կամենում ենք կանգ առնել մի հարցի վրա ևս: Թվում էր, թե Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան իշխանությունը պետք է ամեն գնով հրաժարվեր Ալեքսանդրապոլի պայմանագրից: Ավելին, խորհրդային պատմաբանները գտնում էին, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք չուներ ստորագրելու Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Սակայն որքան էլ տարօրինակ լինի, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Դ. Կանայանի և նրա խորհրդատու Սիլինի, ամեն ինչ արեց, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվի: Ալեքսանդրապոլում գտնվող հայկական պատվիրակության ղեկավար Ա. Խատիսյանը պայմանագիրն ստորագրելուց առաջ հարցում կատարեց նոր իշխանություններին, թե իրենք իրավասո՞ւ են արդյոք ստորագրելու պայմանագիրը: Դ. Կանայանի մանվածապատ պատասխանը, որ պայմանավորված էր իր կողքին գտնվող Սիլինի հրահանգներով, անուղղակի հասկացնում էր, որ պայմանագիրը կարող է ստորագրվել:

Սակայն պատվիրակությունն էլ որոշակիորեն իր շահագրգռություններն ուներ և բոլորովին դեմ չէր ստորագրելու պայմանագիրը` համարելով այն ժամանակավոր փաստաթուղթ: Ս. Վրացյանն Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին հետևյալն է գրում. «Կասկած չկա, որ հայ բոլշևիկներն էլ Մոսկվայի ճնշումով ստիպված պիտի լինեին ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ինչպես մոտ մի տարի վերջը ստորագրեցին Կարսի ավելի խայտառակ դաշնագիրը: Ազգային տեսակետով Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատմական անհրաժեշտություն էր, դժբախտ, բայց անխուսափելի»:

Իրողությունը, իհարկե, այն էր, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեմ չէր ստորագրել պայմանագիրը` պատճառաբանելով, որ թուրքերն առաջ կշարժվեն և նոր արհավիրքներ կբերեն հայ ժողովրդին, իսկ բոլշևիկյան իշխանությունները կամենում էին ազատվել ամեն մի պատասխանատվությունից` անուղղակի դրդելով պատվիրակությանը` ստորագրելու պայմանագիրը: Համենայն դեպս, դրա օգտին են խոսում Դ. Կանայանի հետևյալ խոսքերը` ուղղված Ա. Խատիսյանին. «Հեղափոխական կառավարության անունից հայտնում եմ ձեզ, որ դուք ազատ եք ստորագրել կամ ոչ»:

Կարծես թե պատվիրակությունն իրավունք է ստանում ազատ գործելու, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դրոն էր զանգահարել Ա. Խատիսյանին, պետք է ենթադրել, որ բոլշևիկյան իշխանությունները խիստ անհանգստացած էին, թե պատվիրակությունը չի ստորագրի պայմանագիրը, և աշխատում էին անուղղակի խթանել ստորագրումը: Պատվիրակությունը, անշուշտ, կուզենար ստորագրել պայմանագիրը` հեռահար խնդիրներ հետապնդելով, սակայն եթե խորհրդային իշխանությունները ստորագրեին այն, ապա պատվիրակությունը ետ կկանգներ այդ ծրագրից: Հայաստանի Հեղկոմի նախագահ Ս. Կասյանն անգամ ասել էր Ս. Վրացյանին, թե լավ եք արել, որ ստորագրել եք պայմանագիրը, չնայած մենք կհրաժարվենք դրանից:

Այն, ինչ մի տեսակ թաքնված էր սովորական աչքերից, բացահայտվեց Մոսկվայի պայմանագիրը կնքելիս: Հայտնի է, որ 1920 թ. օգոստոսի 24-ի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը փաստորեն ճանաչել էր Թուրքիայի Ազգային ուխտը, որով Բաթումի և Կարսի մարզերը հռչակված էին Թուրքիայի անկապտելի մասեր. Այլ խոսքով` այն տարածքը, որ Բրեստ-Լիտովսկի 1918 թ. մարտի 3-ի պայմանագրով հայտնվում էր Օսմանյան կայսրության վերահսկողության ներքո:

Ազգային ուխտով նշված տարածքների մեջ չէր մտնում Սուրմալուն, հետևաբար, Խորհրդային Ռուսաստանը ոչ մի դեպքում այն չէր զիջի Թուրքիային` առանց փոխհատուցում ստանալու: Իսկ Մոսկվայի պայմանագիրը հստակ ցույց է տալիս, թե ո՞րն է եղել փոխհատուցումը: Պայմանագրում ասված է. «Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթում նավահանգստի ու քաղաքի և սույն պայմանագրի առաջին հոդվածում նշված սահմանագծից դեպի հյուսիս ընկած և Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տերիտորիայի սյուզերենությունը»:

Մոսկվայի պայմանագիրը կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև` առանց անդրկովկասյան հանրապետությունների մասնակցության: Սա սովորական ավազակային գործարք էր երկու պետությունների միջև, որով Թուրքիան ճանաչում էր Խորհրդային Ռուսաստանի իրավունքն Անդրկովկասի մեծագույն մասի նկատմամբ` բացառությամբ Կարսի մարզի մեծագույն և Բաթումի մարզի նշանակալից մասի, որի նկատմամբ Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքը: Սակայն Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի պայմանագրով Վրաստանի ՍԽՀ-ին էր միացնում ընդամենը 3000 կմ2 տարածք, այն դեպքում, երբ Թուրքիային անցնող Սուրմալուի գավառն ուներ 3750 կմ2: Քաղաքականության մեջ ալտրուիստներ չկան: Բնական է, որ 750 կմ2 պետք է Թուրքիան վերադարձներ:

Այժմ ամեն ինչ ընկնում է իր տեղը: Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիան Հայաստանի Հանրապետությանն էր հանձնում հենց 750 կմ2 Կարսի մարզից` առանց դժվարություններ հարուցելու: Հայաստանի ՍԽՀ-ն մինչ մարզային վարչական բաժանումը բաղկացած էր 37 շրջանից և դրանցից` Ամասիայի շրջանը, որ ստեղծվել էր նախկին Կարսի մարզի հյուսիսարևելյան հատվածում, ուներ 608 կմ2 տարածք15: Անշուշտ, 608 կմ2-ն 750 կմ2 չէ: Սակայն չմոռանանք, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանն անցնում էին նաև Տիխնիս (Տիգնիս), Մեծ Ղմլու (պայմանագրում` Մեծ Կեմո) և Ղըզըլ-դաշ գյուղերը` իրենց շրջակա տարածքներով, որոնց ընդհանուր չափը կազմում է շուրջ 140–142 կմ2: Այժմ ամեն ինչ հստակ է դառնում: Թուրքիան դեռևս 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով գրավում է Հայաստանի Հանրապետությունից ոչ միայն Կարսի մարզը, այլև` Երևանի նահանգի Սուրմալուի գավառը և Կարսի մարզի հաշվին ՀՀ-ին է զիջում այդ 750 կմ2 տարածքը: Եվ դա անում է այն Թուրքիան, որը Հայաստանից անջատել էր նաև Նախիջևանի, Շարուրի և Շահթախտիի շրջանները:

750 կմ2-ն Հայաստանի Հանրապետությանը զիջելը մնում է անհասկանալի և անբացատրելի, եթե մենք չենք հանգում այն մտքին, որ տարածքային բաժանման հարցում արդեն մինչ այդ հստակ ծրագիր էր մշակվել Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Ս. Վրացյանը, անդրադառնալով Ալեքսանդրապոլի պայմանագրից մինչև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն ընկած ժամանակներին, գրում է. «Եթե բոլշևիկները, իրոք, այնքան ազդեցիկ էին թուրքերի առջև, նրանց համար դժվար չէր լինի մերժել դաշնակների ստորագրությունը և Հայաստանի համար ավելի նպաստավոր դաշնագիր կնքել: Եթե բոլշևիկները այդ կարողությունը պիտի չունենան վաղը, նշանակում է` այսօր էլ նրանց խոստումները անարժեք էին»:

Անկեղծորեն ասած` կարելի է լոկ զարմանալ Ս. Վրացյանի միամտության վրա: Բոլշևիկներին պարզապես պետք չէր գնալ թուրքերի հետ ձեռք բերած իրենց պայմանավորվածությունների դեմ: Իրենց պետք էր միայն տարածքային զիջումների մեղքը բարդել Հայաստանի Հանրապետության կառավարության վրա և հետո հայտարարել, որ իրենց չհաջողվեց փոխել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Շարունակելով իր միտքը` Ս. Վրացյանը, ինչպես վերն արդեն ասվեց, գրում է. հայ բոլշևիկներն էլ Մոսկվայի ճնշումով ստիպված պետք է լինեին ստորագրել այդ դաշնագիրը, ինչպես մոտ մի տարի վերջը ստրագրեցին Կարսի ավելի խայտառակ դաշնագիրը: Ազգային տեսակետով Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատմական անհրաժեշտություն էր, դժբախտ, բայց անխուսափելի: Պետք է ասել, որ Ս. Վրացյանը գերագնահատում է հայ բոլշևիկներին, որոնց խոսքն անգամ չուզեցին լսել մոսկովյան իշխանությունները Մոսկվայի պայմանագիրը ստորագրելիս և ստիպեցին անդրկովկասյան խորհրդային հանրապետություններին գառնուկի պես ստորագրել Կարսի պայմանագիրը:

Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերը համադրելիս զարմացնում է մի հանգամանք, թե ինչու Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի պայմանագրով Թուրքիային զիջեց Տիխնիս (Տիգնիս), Մեծ Ղմլու (պայմանագրում` Մեծ Կեմո) և Ղըզըլդաշ գյուղերի շրջանը, ինչը չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ: Տարածք զիջելու հարցում Մոսկվայի և Կարսի պայմանագրերն ավելի խայտառակ էին, ինչպես կարծում է Ս. Վրացյանը: Սակայն եթե ճիշտը խոստովանենք, Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերի խայտառակության խնդրում սկզբունքային տարբերություն չկա: Եթե ՀՀ-ն Ալեքսանդրապոլի պայմանագրով վերածվում էր թուրքական կիսագաղութի, ապա Մոսկվայի պայմանագրով, որի կրկնօրինակն է Կարսի պայմանագիրը, Հայաստանի ՍԽՀ-ն վերածվում էր խորհրդային ռուսական տերության մի մասի` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ըստ երևույթին, որքան էլ ապիկար էին Հայաստանի ՍԽՀ ղեկավարները, այնուամենայնիվ, նրանք էլ դժգոհ են եղել այդ երեք գյուղերն իրենց շրջակա տարածքներով Թուրքիային հանձնելու համար: Առավել ևս, որ, հանձնելով այդ երեք գյուղերը, Խորհրդային Ռուսաստանը նույնիսկ փորձ չէր արել Անիի պատմամշակութային տարածքը պահելու Հայաստանի ՍԽՀ կազմում: Մենք չենք նայել արխիվային փաստաթղթերը, սակայն պատմական տրամաբանությունն աներկբա է դարձնում այդ իրողությունը: Հետևանքն անմիջապես զգացվեց: 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրում տեսնում ենք, որ փոփոխված է Հայաստանի ՍԽՀ սահմանը Նախիջևանի ինքնավար շրջանի հատվածում: Եթե նախկինում սահմանը սկսվում էր Կարասու գետը Արաքսի մեջ թափվելու վայրից, այժմ շուրջ 150 կմ2 Կարասու-Արաքսի ջրկիցի, Սարայ-Բուլաղ լեռների և Արազդայան կայարանի եռանկյունում տրվում էր Խորհրդային Հայաստանին: Եզրակացությունը պարզ է. շատ լավ, դուք կորցրել եք 140–142 կմ2, մենք ձեզ վերադարձնում ենք այդչափ տարածք: Բայց որ շարունակում էին Նախիջևանի մեջ մնալ հայկական բազմաթիվ գյուղեր, խորհրդային Ռուսաստանին բացարձակապես չէր հետաքրքրում:

Համփոփումն այս ամենի` կամենում ենք կանգ առնել մի հարցի վրա ևս: «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հաշտության պատվիրակությունների եզրափակիչ որոշման արձանագրության» մեջ ռուսական կողմը խոստանում էր հասնել այն բանին, որ «Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարությունն իր զորքերը հետ կքաշի մինչև 1914 թ. ռուս-թուրքական նախկին սահմանագիծը»18 և, օգտվելով իր համար բարենպաստ կացությունից, ստիպում էր Հայաստանի Հանրապետությանը, որ այն հրաժարվի ամեն պահանջից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Եթե 1920 թ. հոկտեմբերի 28-ին Խորհրդային Ռուսաստանը գոնե խոստանում էր ապահովել Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանների անվտանգությունը ռուս-թուրքական 1914 թ. սահմանագծի չափով, ապա ՌՍՖԽՀ և Հայաստանի ՍԽՀ 1920 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրով ճանաչում էր միայն ՀՍԽՀ իրավունքը Կարսի մարզի մի մասի նկատմամբ, որն անհրաժեշտ էր երկաթուղու պաշտպանության համար: Չխոսելով մյուս խոստումների մասին (դրանք քննության այլ նյութ են)` նշենք, որ Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի պայմանագրում լրիվ մոռացավ իր խոստումների մասին և խոսքը հանգեց միայն թուրքական բլոկհաուզները սահմանից 4–8 վերստ հեռավորության վրա տեղադրելուն, որով, իբր, կապահովվեր երկաթուղու անվտանգությունը:

Ի մի բերելով վերն ասվածը` հանգում ենք հետևյալ եզրակացությանը.

ա. ռուս-թուրքական համաձայնությունը Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանի հատվածում կայացել էր դեռ մինչև Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը:

բ. Թուրքիան զավթեց Հայաստանի Հանրապետությունից Սուրմալուի գավառը Խորհրդային Ռուսաստանի համաձայնությամբ, որի դիմաց վերջինս Վրաստանի ՍԽՀ-ին կցեց Բաթումի մարզի 3000 կմ2 տարածք: Եվ քանի որ Սուրմալուի գավառն ուներ 3750 կմ2, ապա տարածքային տարբերությունը վերացվեց` Հայաստանի Հանրապետությանը զիջելով Աղբաբայի շրջանն ու Տիգնիս, Մեծ Ղմլու և Ղըզըլ-դաշ գյուղերը` իրենց շրջակա տարածքով, որը, իրոք, կազմել է 750 կմ2:

գ. Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը վերածվում էր Թուրքիայի կիսագաղութի: Խորհրդային իշխանությունները ձգտում էին, որ պայմանագիրը ստորագրեն դաշնակները, որպեսզի ամբողջ մեղքը նրանց վրա բարդեն: Սակայն դաշնակցական պատվիրակությունն էլ, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, դեմ չէր պայմանագիրը ստորագրելուն:

դ. Մոսկվայի պայմանագրով, որին Հայաստանի ՍԽՀ-ի պատվիրակությանը թույլ չէր տրվել մասնակցել, անդրկովկասյան խորհրդային հանրապետությունները պարզապես ներառվում էին խորհրդային կայսրության մեջ:

ե. Խորհրդային Ռուսաստանը վարում էր կայսերապաշտական որոշակի քաղաքականություն և նրան հետաքրքրում էր միայն մի խնդիր, որ այս կամ այն տարածքը ներառվի խորհրդային կայսրության մեջ` անկախ այն բանից, թե հիշյալ տարածքնե րը որ հանրապետության մաս կկազմեն: