«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ՄԻՊ-ը՝ Մանուել Մանուկյանին եւ Արտակ Ավետիսյանին բերման ենթարկելու դեպքի մասին

07/03/2022

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական եւ Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված Մանուել Մանուկյանի եւ Արտակ Ավետիսյանի հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Մանուել Մանուկյանը ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ ոսկրային կոտրվածք չունի, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ։ Այս մասին ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Կառավարության շենքի դիմացից Մանուել Մանուկյանի եւ Արտակ Ավետիսյանի բերման ենթարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների եւ ստացված ահանզանգի կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության համապատասխան բաժիններ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական եւ Մաշտոցի բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքներին առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաեւ Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Պարզվել է, որ Մանուել Մանուկյանը եւ Արտակ Ավետիսյանը վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

Առանձնազրույցի ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված անձինք տեղեկացրել են, որ մինչեւ իրենց ազատությունից զրկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որեւէ պահանջ, վարչական ձերբակալման ենթարկելիս իրենց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, իրենց չեն պարզաբանել վարչական ձերբակալման հիմքերն ու պատճառներն, ինչպես նաեւ իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Առանձնազրույցի ընթացքում Մ. Մանուկյանը նշել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորել են եւ բիրտ ֆիզիկական ուժի կիրառմամբ նստեցրել Ոստիկանության տրանսպորտային միջոց, ինչի հետեւանքով զգում է ուժեղ ցավ:

Զանգվածային լրատվության միջոցներով համացանցում հասանելի տեսագրությունների ուսումնասիրությունից եւս պարզվել է, որ Մանուել Մանուկյանը Ոստիկանության ծառայողներին տեղեկացնում է ձեռքի վնասվածքի մասին եւ խնդրում ձախ ձեռքը չքաշել:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից պահանջ է ներկայացվել Ոստիկանության բաժին հրավիրել շտապ բժշկական օգնության խումբ:

«Արմենիա» բժշկական կենտրոնում Մ. Մանուկյանը ենթարկվել է բժշկական հետազոտության:

Ավելի ուշ, Մ. Մանուկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում իր մոտ ոսկրային կոտրվածք չի արձանագրվել, սակայն վնասված ձեռքի շրջանում զգում է ուժեղ ցավ:

Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ ոստիկանություն»,-ասված է հայտարարության մեջ: