«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջիկա օրերին Արցախում սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում, հրդեհների ռիսկը մեծանում է

28/06/2021

Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցող հրդեհների վերլուծությունը վկայում է, որ դրանք հիմնականում տեղի են ունենում չոր խոտածածկ տարածքներում։ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում:
Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով տաք կլիմայով պայմանավորված՝ բնակչությանը հորդորում ենք զգույշ լինել, քանի որ հրդեհների մեծ մասը մարդածին է ու առաջանում է բնակիչների անզգուշության, ավելի ստույգ` մարդկանց անուշադրության, անփութության, անտարբերության, երբեմն` դիտավորության հետևանքով:
Հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում կրակի հետ անզգույշ վարվելուց, հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց, առաջացած հրդեհներն ի սկզբանե հանգցնելու ձևերը չիմանալուց, ինչը շատ հաճախ հանգեցնում է և՛ մարդկային և՛ նյութական անդառնալի կորուստների:
Հրդեհների առաջացման օջախները շատ դեպքերում, գտնվում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ: Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը միաժամանակ կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է բերել լուրջ հետևանքների: