«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի հերոս Արմեն Կնյազյանը Իսպանիայում հաջողակ գործարար էր, տեղի հայ համայնքի ակտիվ անդամներից մեկը

18/10/2020

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հոկտեմբերի 16-17-ին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Յորետ դե Մար քաղաքում մասնակցեց Արցախի հերոս Արմեն Կնյազյանի հոգեհանգստին և թաղման արարողությանը։

Արմեն Կնյազյանը Յորետ դե Մարում էր հաստատվել 20 տարի առաջ, հաջողակ գործարար էր, տեղի հայ համայնքի ակտիվ անդամներից մեկը ։ Բայց առաջին անգամ չէր, որ լինելով մեծ հայրենասեր և իմանալով, որ Հայաստանին ու Արցախին վտանգ է սպառնում, թողում էր իր բարեկեցիկ կյանքը Իսպանիայում ու ստանձնում Հայրենիքի սահմանների պաշտպանի սուրբ պարտականությունները։ Այդպես եղավ թե' 2016-ին, թե' հիմա՝ 2020-ի սեպտեմբերին։ Սակայն այս անգամ թշնամու գնդակը նրան չխնայեց։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Արմեն Արտավազդի Կնյազյանը հետմահու պարգևատրվեց «Ոսկե արծիվ» շքանշանով՝ արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Արցախի հերոսին հրաժեշտ տալու համար Յորետ դե Մար էին ժամանել հարյուրավոր հայեր Մադրիդից, Վալենսիայից, Բարսելոնայից և Իսպանիայի այլ քաղաքներից։

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները հանդիսապետեց հատուկ այդ առիթով Հռոմից ժամանած Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վենետիկում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը՝ մասնակցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հայր Շնորհք Սարգսյանի։