«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Մասիսի, Վաղարշապատի և Սևանի ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12/11/2020

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ շարունակում են տարաբնույթ միջոցառումները Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ նոյեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Փարաքար գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող երկու տղամարդու։ Մեքենայում հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, սվին-դանակ, բաճկոն ու սաղավարտ, որոնք բերել էին Արցախից։

Դարձյալ նոյեմբերի 11-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևան քաղաքի և Տավուշի մարզի Սևքար գյուղի երկու բնակչի մոտ հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, 7 փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու զրահաբաճկոն, որոնք բերել էին Արցախից։

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ևս Արցախից բերված զինամթերք են հայտնաբերել։ Նրանք Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու մեքենայի ստուգմամբ հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Այս ուղղությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ամենօրյա են։