«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը կիրառում է զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ․ Թաթոյան

31/10/2020

Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ՝ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին է: Ապա եղան մի շարք հրապարակումներ, որ խոսքը կարող է լինել այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:

Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ.

2) այն պարունակում է քիմիական տարրեր.

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ.

4) այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարվում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների.

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ).

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այս զինատեսակի օգտագործումը, այն էլ՝ նման պայմաններով, արգելված է միջազգային իրավունքով:

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայումս իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որոնց արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: