«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սեպտեմբերի 1-ի հրամայականը․ Արայիկ Մկրտումյան

01/09/2023

Նոր ուսումնական տարվա սկիզբը շարունակում է համարվել կրթության ու գիտելիքի օր: Ոչ միայն Հայաստանում, այլև շատ ուրիշ երկրներում: Եվ այս անգամ նույնպես հազարավոր ուսանողներ և դպրոցականներ նոր փուլ կսկսեն իրենց կյանքում, իսկ մյուս հազարավորները կշարունակեն նախորդ տարիներին սկսած ուսումը:

Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում կրթությունն ամենևին էլ չի փայլում իր որակով՝ թե՛ ուսուցական և պրոֆեսորա-դասախոսական կազմով, թե՛ ուսանողների և աշակերտների առաջադիմությամբ, թե՛ տեխնիկական ու ծրագրային հագեցվածությամբ: Իսկ որ ավելի տխուր է՝ հայկական կրթությունը մրցունակ չէ, հայկական համալսարանները՝ ոչ հեղինակավոր:

Եվ այս փուլում երկիմաստ է դառնում սեպտեմբերի 1-ի շնորհավորանքը: Թեկուզ այն առումով, որ մեր դեպքում սեպտեմբերի մեկն ավելի շատ նույնացվում է խնդիրների, քան նվաճումների հետ:

Հայկական կրթական համակարգի խնդիրների մասին մշտապես խոսվել է և դեռ շատ երկար կխոսվի: Ցանկացած երկրի կրթական համակարգը այդ երկրի ապագան է: Այն շատ մեծ ջանք ու եռանդ պահանջող է, այն իր արդյունքը տալիս է տարիների, երբեմն տասնյակ տարիներ հետո, բայց անպայման տալիս է: Եվ կրթության ու գիտելիքի և՛ տվածը, և՛ չտվածը նկատելի է: Կրթության համար չօգտագործված մեկ օրը, ապագայում տարիների խնդիրներ է առաջացնում: Մենք դա մեր ցավոտ փորձով պիտի որ հասկացած լինեինք:

Մենք նաև պիտի հասկացած լինեինք ևս մեկ, շատ կարևոր մի բան: Կրթությունը որպես սկզբունք և տրամաբանություն: Հասկացած լինեինք, որ կրթությունը ոչ թե դիպլոմների քանակն է, այլ սկզբունքորեն կիրթ և գիտակից հասարակությունը: Որովհետև այն խնդիրները, որ ունենք ու որոնք դեռ շարունակելու են շատանալ, ծանրանալ, կարող են լւոծվել միայն այն դեպքում, երբ հասարակությունն ինքը խորապես հասկանա այդ խնդրի՝ նախ գոյությունը, ապա՝ նրա լուծման կարևորությունը:

Նման բան կարող է տեղի ունենալ միայն կիրթ ու գիտակից հասարակությունում: Իսկ նման հասարակությունը նորմալ կրթական համակարգի առկայության դեպքում է: Աշխարհում չկա ու չի եղել անգրագետ, բայց հարուստ և հաջողակ, ուժեղ պետություն: Նույնիսկ եթե ռեսուրներն անվերջ լինեն՝ գիտակցության պակասը թույլ չի տա տեսնելու այդ և կրթության պակասը՝ իրացնելու:

Հայերը, որպես քաղաքակրթորեն կայացած և իր անժխտելի բաժինն ու ներդրումն ունեցած ժողովուրդ, դարերի ընթացքում անմասն չեն եղել կրթությանն ու գիտությանը: Հայերը ունեցել են սեփական, ինքնաբավ կրթական համակարգ՝ դարերի ընթացքում: Ընդ որում կրթական գործը չի անհետացել ու արհամարհվել նույնիսկ պետության բացակայության ժամանակ: Հայկական միջնադարյան համալսարանները եղել են ժամանակի առաջադեմ և պրոֆեսիոնալ դպրական կենտրոնները, այդ համալսարաններից դուրս են եկել աշխարհահռչակ գիտնականներ, որոնց ներդումը զգալի է նաև այսօր:

Ընդ որում հայկական կրթական համակարգը փայլել է բոլոր ուղղություններով: Բժշկություն, մաթեմատիկա, ասղագիտություն, իրավունք, թարգմանչություն, ճարտարապետություն, կերպարվեստ, պատմագրություն, փիլիսոփայություն: Բոլոր առումներով մենք ունեցել ենք ժամանակի համար անհաղթ դեմքեր: Ի՜նչ արժեն միայն Մխիթար Գոշի, Ամիրդովլաթ Ամասիացու, Մխիթար Հերացու, Գրիգոր Նարեկացու, Անանիա Շիրակացու, Դավիթ Անհաղթի և մյուս հայ մեծերի ձեռքբերումները:

Դրանք եղել են այն մեխերը, որոնցով հայերը իրենց գիտակցական մակարդակն են բարձրացրել ու պահել և նրանք եղել են այն ուսուցիչները, որոնք դարեր արժեցող կրթություն են տվել:

Հայկական գիտական պոտենցիալը չի մարել նաև ավելի ուշ ժամանակաշրջանում: Միայն 1800-ականների երկրորդ կեսին հայերը մի այնպիսի կրթական ու գիտական աստղաբույլ են ծնունդ տվել, որ պատիվ կբերի ցանկացած երկրի ու ժողովրդի: Այդ մտավորականները, որ ազգին կրթել են և՛ գիտակցապես, և՛ բարոյապես, նրանց սովորեցրել են, թե ինչպես հայ մնալ, ու մարդ մնալ՝ նրանց տալով անփոխարինելի ազգային, հասարակական, սոցիալական չափորոշիչներ:

Այսօր, ցավոք սրտի հայկական կրթական համակարգը հեռու է ինքնաբավ և որակյալ լինելուց: Կրթական համակարգի խնդիրները միայն կրթական համակարգինը չեն, այլ հանդիսանում են համընդհանուր կառավարման տասնյակ տարիներ տևող ճգնաժամի մի մասը միայն:

Եվ այսօր, շնորհավորելով սեպտեմբերի 1-ը, մենք փորձենք մեր սերունդներին սովորեցնել՝ նախ հայ ու մարդ լինել, նրանց կրթենք բարոյապես և ապա տանք կյանքի համար անհրաժեշտ հմտություններ: Որպեսզի խուսափենք կրթված հրեշների կամ անկիրթ ու անպաշտպան խեղճերի հասարակությունից: Երկուսն էլ ինքնասպան երևույթներ են:

Կրթություն՝ սկզբունքով և գիտություն՝ գիտակցապես: Սա է այսօրվա սեպտեմբերի 1-ի պատգամը: Ոչինչ պետք չէ խնայել այն իրոք տոն դարձնելու համար: Եվ պետք է սկսել հենց այսօր, որովհետև առանց այն էլ երեսուն տարի ուշացել ենք:

Ավելի լավ է սկսել մեկ օր շուտ, քան մեկ օր ուշ:

Շնորհավոր կրթության ու գիտության մեծ տոնը:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Արայիկ Մկրտումյան