«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը պատժիչ խնդիրը լուծելու և ձգձգումներն արդարացնելու համար մեղադրական դատավճիռ է կայացրել

03/07/2021

Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ «սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքն ու դատավճիռները շինծու են, նրանք պետք  է ազատվեն պատժի կրումից։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 14 հայ ռազմագերիների նկատմամբ ազատազրկման վճիռներ է կայացրել։ Գեղամ Սերոբյանին և Հրաչ Ավագյանին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» դատապարտել են 4 տարվա ազատազրկման, իսկ մյուս 12 ռազմագերին՝ 6 ամսվա: Մնացած մեղադրանքները նրանց վրայից հանվել են։ Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո՝ Հարդութի Խծաբերդ ու Հին թաղեր բնակավայրերից, որոնք պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ էին մնացել։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝  այն տղաները, որոնց նկատմամբ 4 տարի ազատազրկման վճիռ է կայացվել, նրանք պետք է ավելի շուտ վերադարձվեն և ապօրինի պատիժներ չպետք է կրեն։

«Սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը շինծու է նույնկերպ, ինչպես շինծու էին ահաբեկչության, զինված խմբավորում կազմելու, զենք-զինամթերք ունենալու մեղադրանքները։ Հադրութին պատկանող այդ տարածքներում զորքի տեղակայումը՝ պետական մակարդակով հրահանգավորման հիման վրա, երբևէ չի կարող որակվել որպես քրեորեն պատժելի արարք, ապօրինի սահման հատել։ Տղաները չեն գործել սեփական պատասխանատվությամբ, նրանք Հայաստանի կանոնավոր զորքերի մաս են կազմել և հրամանի շրջանակներում են տեղակայվել այնտեղ։ Եվ այդ տարածքի նկատմամբ էլ վիճելիություն չի եղել առնվազն նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին, և դա ընկալվել է որպես հայկական։ Այսինքն՝ նրանք գիտակցում չէին կարող ունենալ, որ այնտեղ տեղակայվելով՝ խախտում են միջպետական պայմանավորվածությունը։ Այս առումով տղաներն իսկապես անմեղ են, քրեորեն արգելված որևէ արարք նրանց չի կարող վերագրվել»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այլ հարց է, որ Բաքուն հայ գերիների վերադարձի ձգձգումները նաև պայմանավորում է դատավարություններով։ Եվ այստեղ դժվար կլինի նշված ժամկետը լրանալուց հետո միջազգային հանրությանը հիմնավորել, թե ինչ պատճառներով չի վերադարձնում հայ ռազմագերիներին։

«Եթե այս դատավարություններն արհեստական հիմքեր էին, որն առանձին դեպքերում շահարկվում էր, հիմա դրա հնարավորությունները ևս սահմանափակ են լինելու»,- հավելում է փաստաբանը։

Սահակյանի խոսքով՝ այն, որ հայ ռազմագերիների վրայից հանվել են մյուս մեղադրանքները, փաստում է, որ ադրբեջանական կողմը հասկանում է գործերի շինծու լինելը։ «Քանի որ վերագրել էին «ահաբեկչություն», բայց այդ փաստերը գտնվում են նաև միջազգային գործընկերների իմացության տիրույթում, տարբեր ազդակներ են ուղղվել, որոնցով ցույց են տրվել Ադրբեջանի իշխանություններին, որ մեղադրանքի շինծու լինելն ակնհայտ է և հեռանկար չունի։ Այն չէր կարող նաև հեռանկար ունենալ իրավական գործընթացների շրջանակում։ Իսկ Բաքուն և մյուս գործընկերները քաջատեղյակ են, որ այդ հարցերը ենթակա են վերանայման նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Ուստի, կարծում եմ, այս փուլում իրենց դեմքը փրկելու տեղանկյունից նրանք ընդամենը տակտիկական հնարք են կատարել։ Որոշ ծանր մեղադրանքներ հանել են՝ աշխարհին ի ցույց դնելով, թե իբր ունեն դատական համակարգ և այնտեղ իբր արդարադատություն է իրականացվում։ Բայց իրենց պատժիչ խնդիրը լուծելու և ձգձգումներն արդարացնելու համար դեռևս մեղադրական դատավճիռ են կայացրել մեկ հոդվածով՝ «սահմանն ապօրինի հատելը», որը կրկնում եմ՝ քաղաքական է։ Դրանով ի ցույց են դնում, որ իրենց կողմից հռչակված սահմանները հատելու դեպքում հայերը նման սպառնալիքների առջև են կանգնելու։ Սա ավելի ահաբեկող գործողություն է և իրավական տեղանկյունից որևէ հիմնավորում չունի»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։