«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախյան պատերազմին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալներին զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն. ՔԿՎ

06/10/2020

Քրեակատարողական հիմնարկներում պահվող մի խումբ դատապարտյալներ պատրաստակամություն էին հայտնել մեկնել պատերազմ և մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։

ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Tert.am-ին փոխանցեց, որ ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։

«Միևնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,-փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը երեկ մասնակցել էր Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ռազմաճակատ ճանապարհելու միջոցառմանը:

«Տղաների ոգին տեղն է․խոսք տվեցին հաղթանակով վերադառնալ։ Տղե՛րք, վստահ եմ, որ խոստումներդ կատարելու եք, և անչափ հպարտ, որ ձեր պես հայրենիքին նվիրված գործընկերներ ունեմ, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Անփորձանք ու հաղթական վերադարձ եմ ցանկանում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի»,- նշել էր նախարարը: