«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լարված իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ գյուղացիները փակել են ճանապարհը, պահանջում են մարզպետին

03/07/2023

Բնակիչները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը, ի նշան բողոքի, և պահանջում են, որպեսզի ժամանի Արագածոտնի մարզպետը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասել են․

«Արդեն տևական ժամանակ է՝ պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը  կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։ Բազմաթիվ անգամներ, երբ մարդ է վատացել, շտապօգնություն ենք կանչել, մարդիկ ասում են, որ չենք կարող գալ, քանի որ ամբողջ ճանապարհը մարդաբոյ փոսեր են։ Գյուղից մինչև հիվանդին տեղափոխում են այդ 6 կմ-անոց ճանապարհը 1,5 ժամ է տևում։ Եվ  հարց է՝ հիվանդին կտեղափոխեն հիվադանո՞ց, թե՞ կտեղափոխեն մորգ։ Ստիպված ենք դիմում այդ ծայրահեղ քայլին, քանի որ հույս չունենք, թե մեր գրավոր դիմումներին կպատասխանեն։ Մեր համբերության բաժակը լցվել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հանրապետությունում մեծ թափ է հավաքել ճանապարհաշինարարությունը, բայց մեզ մոտ՝ ոչ մի շոշափելի արդյունք։

Խնդրում ու պահանջում ենք, որ էդ 6 կմ-անոց ճանապարհը վերանորոգեն։ Հիմա մեզ կմեղադրեն, թե 30 տարի ձեն չեք հանել, հիմա՞ որոշեցիք։ Մենք մեքենաների համար հարկ ենք մուծում, որ բարեկարգ ճանապարհով երթևեկենք, բայց ավտոները սաղ քանդվում են։ Էս ճանապարհը կարելի է Գինեսի գրքում գրել, որպես 1000-ից ավելի խրամատներ ունեցող հատված։ Չ՛ենք բացելու ճանապարհն այնքան, մինչև մարզպետարանից չգան»։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։ Խցանումները 2 կողմից անցնում են մի քանի կմ-ը։ Ճանապարհ են տալիս միայն շտապօգնության և մանկահասակ երեխաներով ավտոմեքենաներին։