«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ

01/04/2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ պաշտոնական կայքը:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման: Հ. Հովհաննիսյանն ասել է, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրել է բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է:

ԵՊՀ ռեկտորը վստահեցրել է, որ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կապված են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ, ապա ներկայացրել առաջիկայում ԵՊՀ-ում սպասվող կարևոր իրադարձություններն ու միջոցառումները:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասել է՝ իր համար մեծ պատիվ է Մայր բուհում գտնվելը, քանի որ դեռևս ուսանողական տարիներին այն համոզմանն է եղել, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ կրթական համակարգի դրոշակակիրն է:
Վ. Խաչատուրյանը նշել է, որ մեր երկրի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը, ապա հավելել, որ այս տեսանկյունից ԵՊՀ-ից սպասելիքները շատ են: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:

Նախագահը անդրադարձել է բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսել խնդիրների ու մարտահրավերների մասին.

«Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հանդիպման ժամանակ անդրադարձել է կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող:


Նախարարը նույնպես կարևորել է ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը՝ պատահական չհամարելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Մայր բուհի հատուկ կարգավիճակը:
Հանդիպման վերջում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, և ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել՝ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: