«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

01/12/2021

Ինչպես հայտնում են ArmDaily.am-ի աղբյուրները, Վերաքննիչ դատարանը Սիսիական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) կալանավորելու որոշում է կայացրել։

«Որոշումը կայացվել է մեկ ժամ առաջ»,-հայտնում են մեր աղբյուրները։

ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել Աշոտ Մինասյանի փաստաբան՝ Միհրան Պողոսյանի հետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ, բայց մեր զանգերը անպատասխան մնացին։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ստացած տեղեկությունները՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման միջնորդությունը մերժելու դեմ։

Աբրահամյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` Աշոտ Մինասյանի (Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ) խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Դրանից հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որը որոշ ժամանակ առաջ մերժել էր միջնորդությունը։ Առաջին ատյանի դատարանի՝ Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ դատախազությունը ներկայացրել է Վերաքննիչ բողոք, որը այսօր բավարարվել է։ 

Մինասյանը կկալանավորվի 2 ամսով, թե որ դատավորն է որոշումը կայացրել՝ Գոռ Աբրահամյանը տեղյակ չէր։ 

Հիշեցնենք, որ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։Այս քրեական գործով ի թիվս այլոց, իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Աշոտ Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ):