«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոխադարձ արտաքսումներ և նոր պատժամիջոցներ․ Լեհաստանը, Շվեդիան և Գերմանիան արձագանքել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը

05/02/2021

Վարշավան, Բեռլինը և Ստոկհոլմն արձագանքել են Ռուսաստանից դիվանագետների արտաքսմանը` կապված չհամաձայնեցված ակցիաներին նրանց մասնակցության հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ինչպես Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին տեղեկացրել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարկին Պշիդաչը, եթե Մոսկվան չփոխի իր որոշումը, Վարշավան կքննարկի դիվանագետի փոխադարձ արտաքսման հնարավորությունը:
«Փոխնախարար Պշիդաչը անհամաձայնություն և բողոք է հայտնել այս կապակցությամբ: Բնականաբար, ես կրկնել եմ այն, ինչը, ըստ էության, ասվել է Մոսկվայում Լեհաստանի դեսպանատանը` այս որոշման պատճառների վերաբերյալ»,- պատմել է Անդրեևը:
Պշիդաչը նշել է, որ Վարշավան համապատասխան որոշում կկայացնի «Եվրամիության իր գործընկերների հետ համաձայնեցմամբ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անհիմն է որակել Ռուսաստանից եվրոպացի 3 դիվանագետների վտարումը:
«Հանդիպման ժամանակ մենք ի գիտություն ենք ընդունել Նավալնիի հարցով ցույցերի կապակցությամբ Մոսկվայից գերմանացի, շվեդ և լեհ դիվանագետներին վտարելու մասին տեղեկությունը: Կարծում ենք, որ սա օրենքի գերակայության սկզբունքները շրջանցելու ևս մեկ դրսևորում է, որն այսօր կարելի է տեսնել Ռուսաստանում»,- ասել է կանցլերը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է Գերմանիայի և Ֆրանսիայի Պաշտպանության և անվտանգության խորհրդի առցանց նիստին, որին մասնակցում էր Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը:
Մերկելի խոսքով՝ վերջին իրադարձությունների ֆոնին Բեռլինը իրեն իրավունք է վերապահում ընդլայնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ: Միևնույն ժամանակ կանցլերը շեշտել է, որ Եվրոպան և Ռուսաստանը պետք է շարունակեն մնալ երկխոսության մեջ՝ «ռազմավարական անհրաժեշտությունից» ելնելով:
Շվեդիայի արտգործնախարարությունը ռուսական կողմի գործողությունները նույնպես անվանել է «ամբողջովին անհիմն» ու իր ռուս գործընկերներին տեղեկացրել է սեփական դիրքորոշման մասին: «Մենք մեզ համապատասխան պատասխանի իրավունք ենք վերապահում»,- նշել են Շվեդիայի ԱԳՆ-ում:
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, իր հերթին, Մոսկվային կոչ է արել վերանայել իր որոշումը:
«Արտաքին գործերի նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ գերագույն ներկայացուցիչը տեղեկացել է, որ 3 եվրոպացի դիվանագետներ վտարվելու են Ռուսաստանից: Նա խստորեն դատապարտել է այս որոշումը և հերքել է այն մեղադրանքները, որ նրանք մասնակցել են օտարերկրյա դիվանագետների իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների»,- գործակալությանը ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
Նրա խոսքով ՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը համերաշխություն է հայտնել ԵՄ անդամներին, որոնց վրա ազդել է այս որոշումը:
Ավելի Վաղ ՌԴ ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել Լեհաստանի, Շվեդիայի և Գերմանիայի մի քանի դիվանագետների` հունվարի 23-ին ի աջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար: