«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շոգ օրերին աշխատողները լրացուցիչ ընդմիջման իրավունք ունեն

19/06/2021

Ինչպես արդեն հայտնել ենք, Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել են, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում  ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։
Ըստ օրենքի հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: