«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան

09/05/2024

Ինչպես Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներն ասում են, որ իրենք նաեւ ՀՀ քաղաքացիներ են եւ կարող են քաղաքական դիրքորոշում ունենալ, ինչը շատ նորմալ է, ես էլ որպես ցանկացած քրիստոնյա կարող եմ կարծիք արտահայտել: Այս մասին, այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նախօրեին իր արած գրառմանը, որտեղ նշել էր, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման առաջնորդները կարող է հարցնել, թե ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավnր դարձել:

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա է հիշել ու նման գրառում արել, նա պատասխանեց. «Որովհետեւ եթե ես տեսնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, կարող է կարծիք լինել, որ մնացած տեղերում էլ անելու բան չկա: Իսկ ես կարծում եմ, որ մնացած տեղերում նույնպես շատ անելու բաներ կան ու ավելի առաջնահերթ եկեղեցու տեսանկյունից, քան այն, ինչ արվում է»:

Թունյանը հավելեց, որ ինքը մեկ այլ գրառում էլ է արել, որ ցանկացած մարդ՝ անկախ մասնագիտությունից, իրավունք ունի կարծիք ունենալ, արտահայտել այդ կարծիքը եւ քայլեր ձեռնարկել այդ կարծիքը տեղ հասցնելու համար. «Բայց եթե իրենք ձեւավորում են փաստացի քաղաքական օրակարգ, ուրեմն պետք է պատրաստ լինեն, որ իրենց նաեւ քաղաքական բնույթի հարցեր էլ են տալու եւ քաղաքական բնույթի քննադատություններ էլ են լինելու:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ այս շարժումը քաղաքական չէ, ապա երբ նայում ենք խնդիրներին, որոնց մասին խոսվում է, խոսույթը, եւ այն մարդկանց, որոնք այդ շարժումը ուղեկցում են, այդտեղ քաղաքական գործիչներ են: Հիմա այսօր ժամը 4-ին հավաք է նախատեսված, եւ այդտեղ պարզ կլինի: Եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»,-ասաց նա: