«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բնակչության թվաքանակը պակասել է մի քանի մարզերում. «Ժողովուրդ»

06/11/2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 966 հազար 800 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 967 հազար 900 էր: Այսինքն` 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 1100-ով է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ մի քանի մարզերում:
Օրինակ՝ Սյունիքի մարզում բնակչության թվաքանակն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ պակասել է 1800-ով, Շիրակում այդ թիվը կազմել է 1200, իսկ Վայոց ձորի մարզում բնակիչների քանակը պակասել է 800-ով՝ 48 հազար 400-ից դառնալով 47 հազար 600: Սահմանամերձ Տավուշում եւս բնակիչների քանակը պակասել է: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում:
Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 4100-ով ավելացել է, իսկ, ահա, Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 900-ով: Ընդ որում, մեր հանրապետությունում բնակչության թվաքանակը, հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով, 2018 թվականից սկսած է պակասել, երբ այն կազմել էր 2 մլն 972 հազար 700 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն 2 մլն 963 հազար 300 է՝ 9400-ով պակաս»: