«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանն սկսել է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությունը. Բերդաձորի համայնքապետեր

04/02/2022

Ադրբեջանն սկսել է Արցախը Հայաստանի կապող նոր ճանապարհի շինարարությունը, ասում են Բերդաձորի ենթաշրջանի համայնքների ղեկավարները, փոխանցում է azatutyun.am-ը։
«Էսա 8 ամիս ա աշխատում են, էդ որտե՞ղ եք, քնա՞ծ եք», - ասաց Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
Թեման Հին Շեն համայնքի ղեկավարի համար հաճելիներից չէ. «Աշխարհի վրա եմ ջղայնանում»:​
Նախ, սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը շտապում է Բերձորն ադրբեջանական դարձնել, այս քաղաքով է այժմ անցնում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի, և այն պաշտպանելու համար այդտեղ նույնպես պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեն։ Նոր ճանապարհը Արցախի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով է անցնելու:
«Մարդկանց վարելահողերի միջով ճանապարհը մի պարծյա քցել էին, սարքում էին, քանդում են, բողոքել ենք մեր կառավարությանը, եկել են աշխատանքները կանգնեցրել են, նոր քարտեզներ են գտել մեր պահանջներով», - նշեց Սամվել Սարգսյանը:​
Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն էլ է հաստատում՝ ադրբեջանցիներն այժմ ակտիվ աշխատում են. «Շուտվանից են սկսել, մի պահ կանգնել են, չգիտեմ ինչի հետ կապված, ամսից շատ ոչ մի աշխատանք չեն կատարել, հիմա նորից սկսել են»:​
Իր տեղեկությամբ՝ նոր ճանապարհի երթուղին այսպիսին է՝ Երևանից Արցախ գնալու համար Բերձորի ու Շուշիի հատվածները շրջանցում ես՝ Սյունիքի Տեղ գյուղից ոչ թե Բերձոր, այլ դեպի Կոռնիձոր ես գնում, մտնում Արցախ՝ Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով Եղցահողի, Լիսագորի անտառներով մտնում Ստեփանակերտ:
«Շուշիի տակի ճանապարհն էլ ենք տալու էլի, անտառներով թազա ճանապարհ պիտի քաշվի Լիսագորի վրա դուրս գա, հետո գա մեր գյուղերից միացնելով գնա Կոռնիձորի վրա դուրս գա», - ներկայացրեց Դավիթ Դավթյանը:
Նախնական քարտեզով ճամփան պիտի անցներ հենց գյուղի մեջտեղով, բայց Դավթյանն ասում է՝ ռուսական կողմին իրենց առարկություններն են ներկայացրել. «Գյուղի մեջով ա նախատեսված եղել, որ գյուղի կեսը պիտի քանդվի, այդ թվում նաև 500 տարվա եկեղեցին, հիմա ոչ թե փոխվել ա, այլ առաջարկություն ենք արել, որ գյուղ չմտնի՝ գյուղի տակով: Ռուսների ետ ենք բանակցել, ռուսները ասել են, որ կտանենք քննարկման, տեսնենք ինչ ա հաջողվում փոխել»:​
Հակարի գետի վրայի կամուրջը, Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը արդեն սկսել են կառուցել. օրեր առաջ ադրբեջանցի ռազմական փորձագետներից մեկն էր կամրջի շինարարությունը պատկերող լուսանկար տեղադրել համացանցի իր էջում: Եռակողմ հայտարարությունից մեկ ամիս էլ չանցած՝ Ադրբեջանի նախագահը արդեն հայտարարում էր՝ կառուցելու են Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը:
«Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցքի երթուղին և կառուցել այն։ Այստեղ նաև ժամկետն է նշված՝ 3 տարում, կարծում եմ, ավելի շուտ կարող ենք անել։ Նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո՝ Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանն առայժմ պաշտոնապես չի հայտնում, որ այն, ինչ կառուցում է, Լաչինի միջանցքին փոխարինողն է։
Պաշտոնական Արցախը՝ նախագահականը, Արտգործնախարարությունը ադրբեջանական կողմի շինարարությունը չեն մեկնաբանում։ Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ դեռ խորհրդատվությունների փուլում են, հայկական կողմը որևէ շինաշխատանք չի սկսել:
«Մինչ էս պահը Քաղաքաշինության նախարարության պատվերով ձեր նշած այլընտրանքային ճանապարհի կառուցման համար ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվում», - ընդգծեց Սարգսյանը:​
Բերդաձորի այս գյուղերում տեղեկացել են, որ Հին Շեն, Մեծ Շեն համայնքների վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածներն էլ են ադրբեջանցի շինարարները կառուցելու: Համայնքապետ Դավթյանն ասում է՝ ռուսներից զուսպ լինելու հորդոր են ստացել: