«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը Եվրոպական դատարանում չորս գանգատ ունի ընդդեմ Ադրբեջանի, դրանցից մեկը 33 գերեվարվածների մասով է․ Եղիշե Կիրակոսյան

27/02/2023

Կան ՄԻԵԴ-ի 6 վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնք վերաբերում են հայկական հարցերին: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով, դրանցից են «Մինասյան, Մակուչյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի», «Սարիբեկյանը, Բալյանը ընդդեմ Ադրբեջանի», «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի», «Խոջոյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ մի շարք այլ գործեր:

«Սրանցից առաջինը Գուրգեն Մարգարյանի կացնահարման դեպքով վճիռն է, մնացած վճիռները վերաբերում են քաղաքացիական անձանց, որոնք կամ սպանվել են, կամ խոշտանգվել են, ապա մահացել են, կամ խեղվել են ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո լրիվ խաղաղ պայմաններում:  Այս վճիռների կատարման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են թե ԱԳՆ-ի կողմից, թե մեր կողմից՝ սերտորեն աշխատելով Ստրասբուրգում մեր ներկայացուցչության հետ: Մենք անընդհատ փորձում ենք այս հարցերը բարձրացնել Նախարարների կոմիտեի օրակարգում: Պետք է Նախարարների կոմիտեից Ադրբեջանին անընդհատ ակտիվորեն գործողություններ գնան այս ուղղությամբ: Մենք նաեւ առաջարկել ենք, որ այս վճիռները մեկ առանձին խմբով լինեն, որովհետեւ վերաբերում են մեկ խնդրի՝ էթնիկ հայերի նկատմամբ վատ վերաբերմունքին: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը միյն այս 6 վճիռների մասով չէ, որ խնդիրներ ունի»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:

 Նա նաեւ հայտարարեց, որ այս պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ–ում 4 գործ կա։ Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին (դեկտեմբեր-հունվար) կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը` ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները:

«Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով` եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,–ասաց Կիրակոսյանը։

Նա հավելեց, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։