«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակարգ դեպք Երևանում` Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ

12/04/2022

Այսօր, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Երևանի վարչական տարածքում տեղադրված հսկայական երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով պոկվել և ընկել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն գովազդային վահանակի ընկնելու հետևանքով այն բախվել է այդ պահին դեպի Երևան ընթացող՝ ավազով բարձված ЗИЛ մակնիշի բեռնատարին, որը կողաշրջվել է, իսկ ЗИЛ-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցված ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենային։

  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Տեղում ծառայություն են կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ մինչև ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների  և տապալված գովազդային վահանակի սեփականատիրոջ ինքնությունը։