Իսրայելի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրությունը
Իսրայելի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրությունը մինչեւ հոկտեմբերի 13-ը, որն արգելում է հանրային հավաքները, այդ թվում` զանգվածային բողոքները վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ, փոխանցում է AP-ն:
Իսրայելն անցյալ ամիս հրեական տոներին ընդառաջ համապետական կարանտին էր հայտարարել` երկրում կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար: Կնեսետն անցյալ շաբաթ օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը մեկ շաբաթով արտակարգ դրություն հայտարարել` համավարակի պատճառով հանդիպումներին մասնակցությունը սահմանափակելու համար: Դրանից հետո կառավարությունն արտակարգ դրություն էր հայտարարել` սահմանափակելով բոլոր հասարակական հավաքները տնից մեկ կիլոմետրով հեռու:
Հազարավոր իսրայելցիներ մի քանի ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին անցկացնում Երուսաղեմում Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ` հորդորելով նրան հեռանալ իշխանությունից:
Սահմանափակումներից հետո տասնյակ հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցեր կազմակերպեցին փողոցների անկյուններում եւ իրենց տների հարակից հրապարակներում` կորոնավիրուսի համավարակի հետ կապված կառավարության գործողությունների դեմ: