«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բանկում հաշիվ բացել չի ստացվում, իսկ Արցախ ուղարկված օգնությունն էլ ուշ է տեղ հասել. Գերմանիայում դժգոհեցին Փաշինյանին

04/03/2023

Գերմանիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հայ համայնքի ներկայացուցիչ Միքայել Մինայսանը հիշեցնելով Փաշինյանի խոսքը, թե Հայաստանում տնտեսական ու ժողովրդավարական խնդիրներ չկան, պատմեց, որ 6 ամիս առաջ Հոնկոնգից ներդրողներ է բերել Հայաստան, որ էքսպորտն ու զբոսաշրջությունը զարգացնի, կազմակերպություն է բացել, բայց 6 ամիս է՝ չի կարողանում Հայաստանի բանկերում հաշիվ բացել։

Հաշիվ չբացելու անհնարինության մասին նամակ են ուղարկել վարչապետին, Կենտրոնական բանկին, փաստաբան վարձել, որն ասել է, թե նման խնդիրներ Հայաստանում շատ կան։  

«Սա արդյո՞ք ժողովրդավարության կամ համակարգային խնդիր չէ»,– դիմելով Փաշինյանին՝ հարցրեց Միքայել Մինայսանը։

Վարչապետը պատասխանեց՝ եթե անձը չի կարողացել Հայաստանում բանկի հաշիվ բացել, ուրեմն դա կապված է սանկցիաների հետ։

«Ուրիշ բացատրություն դրան չի կարող լինել»,– ասաց Փաշինյանը։

Միքայել Մինայսանն ընդգծեց, որ ինքը որեւէ խնդիր չունի։

Փաշինյանն ասաց, որ ինքը բազմաթիվ դեպքերով է հետաքրքրվել, երբ Հայաստանում չեն կարողացել հաշիվ բացել ու պարզել է, որ այդ խնդիրը կապված է միջազգային պատժամիջոցներով։

Փաշինյանը Միքայել Մինասյանին խոստացավ պարզել, թե իր դեպքում ինչ խնդիր է եղել։

Միքայել Մինայսանը մի դժգոհություն էլ հայտնեց։ Նրա խոսքով՝ 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվությունները, Հայաստան ներկրելուց եւ բեռը դուրս գրելուց հետո 6– 8 ամիս է պահանջվել, մինչդեռ նրա խոսքով՝ Արցախում այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր։

«Ինչո՞ւ այդքան երկար տեւեց, պետության գործառույթը ո՞րն է, եթե գույքագրում է կատարվում, հանձնվում մեզ ու մենք Գերմանիայի հայերի գումարներով բաժանում ենք Հայաստանում։ Խնդիրը համակարգային է, մինչեւ հիմա այդ հարցը լուծված չէ»,– ասաց նա։

 Վարչապետը բացատրեց, որ խնդիրը կապված է եղել օրենքի հետ։
«Շատ բարեգործական անվանված ծրագրերի արդյունքում հարկային պարտավորություններ են առաջանում։ Որպեսզի ծրագիրը բարեգործական համարվի, կան ընթացակարգեր, այդ ընթացակարգերը նրա համար են, որ բարեգործության անվան տակ այլ բաներ չանեն։ Ձեր ասածը շատ պարզ է, դուք ազնիվ բարեգործ եք, բայց ձեր հետեւից 60 հոգի բարեգործության անվան տակ կարող է անցնել, որոնք բարեգործության հետ կապ չունեն ու մեր պետությունը կտուժի։ Պատճառը սա է, ի դեպ, սա  միակ դեպքը չէ, բայց դա ժամանակ է տանում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ Հայաստանում օրենքներ կան, որոնք պրոբլեմատիկ են, բայց դրանք փոխելու համար ժամանակ է պետք, ու հասկանալ, թե ինչով են դա փոխարինում։

«Դա տեւական աշխատանք է պահանջում, որը պետք է կարողանալ անել։ Եթե հարցնեք, թե որն է Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը, ես կասեմ, որ կադրային խնդիրն է, որովհետեւ մենք կրթական համակարգում լուրջ ու խորը պրոբլեմներ ունենք, մեր կրթական համակարգը չի ապահովում շատ կադրերի, որոնք արդյունավետ կաշխատեն»,– ասաց նա։