«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը չի ծրագրում հանդիպել Մոսկվա ժամանող Ժոզեպ Բորելի հետ

04/02/2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ չի նախատեսվում` չնայած վերջինիս այցին մեծ նշանակություն է տրվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում: Դուք գիտեք, որ պարոն Բորելը արտգործնախարար Լավրովի զրուցակիցն է, և հենց նրա հետ են բանակցություններ վարվելու»,-ասել է Պեսկովը:

«Գիտեք, որ բոլորովին վերջերս նախագահ Պուտինը գնահատել է Մոսկվայի և Բրյուսելի հարաբերությունները, ափսոսանք է հայտնել, որ այդ հարաբերությունները տխուր վիճակում են, դրանք, ըստ էության, գտնվում են սառեցված վիճակում, և Ռուսաստանը այդ սառեցման նախաձեռնողը չէ: Մենք, իհարկե, կցանկանայինք ապաարգելափակել մեր երկխոսությունը, բազմակողմ երկխոսությունը Մոսկվայի և Բրյուսելի միջև, հարթել  առկա բոլոր անհամաձայնությունները, որոնք քիչ չեն, սկսել բաց և անկեղծ քննարկումը»,- ավելացրել է Պեսկովը:

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հինգշաբթի երեկոյան կմեկնի Ռուսաստան: 2017 թվականից ի վեր սա նրա առաջին այցն է Ռուսաստանի մայրաքաղաք: Բորելը նախատեսում է Մոսկվայում բանակցություններ վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ի թիվս այլ թեմաների քննարկել Ուկրաինայի հարցը, Իրանի միջուկային խնդիրը և կորոնավիրուսի դեմ պայքարը: