«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՆԳԱՄ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԿՈՄՊՐՈՄԻՍԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ

02/03/2021

Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Հայաստանում ներքաղաքական լարումը որեւէ կերպ չի թուլանում։ Իշխանությունը ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում քաղաքական լուծումների, ընդդիմության հետ լեզու գտնելու փոխարեն արկածախնդրության է գնում․ հետպատերազմական փխրուն անվտանգային իրավիճակում հանրահավաքներ է կազմակերպում, վարչական ռեսուրսն է ամբողջությամբ կիրառում՝ փորձելով ցույց տալ, թե իբր ունի ժողովրդի աջակցությունը, եւ ոչինչ էլ չի պատահել։ 

Իշխանությունը երեկ՝ իշխող խմբակության ղեկավար Լիլիթ Մակունցի բերանով, մերժեց նաեւ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը՝ անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մակունցի խոսքով՝ Մարուքյանի առաջ քաշած նախապայմանն իրենց համար ընդունելի չէ։ Էդմոն Մարուքյանը, հիշեցնենք, նախորդ երեկոյան առաջարկով էր հանդես եկել, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, իր պաշտոնում վերականգնի շտաբի պետի տեղակալ Տիգրան Խաչատրյանին, այդ դեպքում իրենք պատրաստ են թեկնածու չառաջադրելու մասին հուշագիրը ստորագրել եւ վարչապետի հրաժարականի պարագայում գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Այսինքն, պատրաստ են ընդունել Նիկոլ Փաշինյանի այն առաջարկը, որը մերժել են։

Երեկ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ճգնաժամի հանգուցալուծման Մարուքյանի առաջարկած պայմանն իրենց համար անգամ քննարկելի չէ։ «Կա Սահմանադրություն, եւ մենք` որպես պատգամավորներ, այդ թվում, պետք է պատասխանատու լինենք այդ Սահմանադրության իրականացմանը եւ որեւէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը եւ պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ Սահմանադրությունը խախտվել է ԳՇ-ի կողմից։ «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն, եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնան քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել, եւ դա, բնականաբար, չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նաեւ Ռուբեն Ռուբինյանը։

«Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների միայն Ադրբեջանի հետ»,- իշխանական պատգամավորների այս հայտարարություններին ի պատասխան, ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա տարակուսած է՝ հանուն ներքին կայունության ինչպե՞ս կարելի է չզիջել, նրա խոսքով՝ իր առաջարկը միտված էր բանակի կայունությանը։ Մարուքյանը պնդում է՝ ինքը նախապայմաններ չի դնում, իր առաջարկը պետք է դիտարկել «ամբողջության մեջ»։ Իսկ ինչո՞ւ է ԳՇ պետի պաշտոնավարման հարցն ինքը ածանցում արտահերթ ընտրություններին։ «Ակնհայտ է, որ այս հակադրությունը, որը Փաշինյանը տանում է ընդդեմ բանակի, լի է ցնցումների վտանգով։ Հիմա մենք ասում ենք՝ եկեք չգնանք ցնցումների, հանգիստ թողնենք բանակը, գնանք ընտրությունների, ժողովուրդը որ ուժին ընտրեց, ինքն էլ կզբաղվի բանակաշինությամբ»։

Ընդդիմադիր ԲՀԿ-ում Մարուքյանի առաջարկը դեռեւս չեն քննարկել․ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասում է՝ իրենք այս պահին շարժվում են իրենց օրակարգով. «Այս պահին կարծում եմ, որ մեր օրակարգում կան կարեւորագույն հարցեր, մասնավորապես՝ այսօրվա հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցեր։ Մեր օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման թիվ մեկ նախապայմանը եւ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում չառաջադրվելը։ Այս պահին որեւէ այլ հարց կամ պարոն Մարուքյանի առաջարկը դեռեւս չենք քննարկել»։

Խոսելով Մարուքյանի առաջարկին իշխանության ներկայացուցիչների արձագանքի մասին՝ Տոնոյանն ասաց․ «Տրամաբանական է, որ այս հարցն էլ իշխանությունը պետք է ներկայացներ՝ հարմարեցնելով իր շահերին եւ առաջ տանելով սեփական օրակարգը»։ Այդուհանդերձ, Տոնոյանի խոսքով, Փաշինյանին չի հաջողվի հանրահավաքների միջոցով ցույց տալ, թե ունի հանրային աջակցություն, դա ընդամենը իմիտացիա է, առավել եւս՝ նման միջոցառումները չեն կարող քաղաքական լուծում դառնալ ստեղծված իրավիճակում․ «Մենք մի քանի օր է՝ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, թե ինչպես է իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձում մարդկանց հավաքագրել։ Շատ զարմանալի է՝ նախկիններին այս հարցերում քննադատող գործող իշխանությունները, որոնք հայտարարում էին, թե Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, աշխատանքից ազատման սպառնալիքներով եւ այլ հաշվեհարդարների ներքո են մեր հայրենակիցներին բերման ենթարկում հանրահավաքներին»։

Տոնոյանի համոզմամբ, իշխանությունը նման փորձերով հրահրում է քաղաքացիական պատերազմ․ «Ընդդիմությունը որեւէ կերպ դա թույլ չի տալու։ Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք, եւ Նիկոլ Փաշինյանի՝ հային հայի դեմ հանելու որդեգրած քաղաքականությունն անհաջողության է մատնվելու»։

Եվս մեկ անգամ ճշտեցինք՝ ստեղծված իրավիճակի քաղաքական հանգուցալուծումը ԲՀԿ-ն տեսնում է Հայրենիքի փրկության շարժման օրակարգո՞վ, այն է՝ նախ Փաշինյանի հրաժարականը, ապա՝ ժամանակավոր կառավարության ձեւավորումը եւ հետո՝ արտահերթ ընտրություններ անցկացնելը։ «Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի բացառապես քաղաքական ճանապարհով, ինչին եւ մենք գնացել ենք վերջին ամիսների ընթացքում, որքան էլ որ իշխանությունը տարբեր սադրանքների է դիմել, անգամ վիժեցրել արտահերթ ընտրությունների օրակարգը՝ փորձելով խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին դրդել հակասահմանադրական քայլերի, մենք որեւէ դեպքում դա թույլ չենք տալու։ Ասել եւ ասում ենք՝ պետք է լինի անցնցում իշխանափոխություն, հետագայում արտահերթ ընտրությունների նախապայմանով, երբ ժողովուրդը կձեւավորի իր ե՛ւ խորհրդարանը, ե՛ւ կառավարությունը»։

Ի դեպ, չնայած իմքայլական պատգամավորների խրոխտ հայտարարություններին, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի եւ խմբակցության հանդիպման ընթացքում պատգամավորների մեծ մասը Փաշինյանից գրեթե պահանջել է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչ էլ որ լինի, քանի որ կարծում են, որ այս իրավիճակը չի կարող երկար ձգվել։