Դավիթ Տոնոյանը կալանավորվեց․ «Հրապարակ»
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակը», Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստը ընթացել է Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Դատարանը բավարարել է Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:
Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։