ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրին նվեր է ստացել․ որտե՞ղ կտեղադրվի Շիրակի նահանգապետ Կարո Սասունիի արձանը. Առավոտ
«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը» Գյումրի քաղաքին նվիրել է 1920 թվականի Շիրակի նահանգապետ Կարո Սասունիի բրոնազաձույլ արձանը։ Այսօր Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» ցուցասրահում «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնագիտական քննարկում արձանը տեղադրելու շուրջ։
Քննարկմանը մասնակցում էին «Զորավար Սեպուհ» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիր-նախագահ պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, քանդակագործ Միսակ Մելքոնյանը, Գյումրու հայտնի քանդակագործներ, ճարտարապետներ, գրողներ։
Քննարկումն իր տեսակով նորություն էր․ նախ ելույթ ունեցավ «Զորավար Սեպուհ» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիր Աշոտ Ներսիսյանը՝ մանրամասն ներկայացնելով Կարո Սասունիի կենսագրությունը, նրա գործունության կարևոր դրվագները։ Պետական, ռազմական գործչի, պատմաբանի, իրավաբանի, գրականագետի, գրողի, խմբագրի հուշագրի կենսագրության ուշագրավ դրվագները լսելուց հետո մասնակիցներն առավել ոգևորությամբ ընդունեցին արձան տեղադրումը։
Աշոտ Ներսիսյանը, որը գիրք է գրել Կարո Սասունիի մասին, իր խոսքում նշեց, որ արձանը տարբեր վայրերում, նույնիսկ Սարդարապատում, Երևանում տեղադրելու առաջարկ է եղել , բայց ինքը նրա հարազատների հետ խորհրդակցելով՝ որոշել է՝ Գյումրին՝ զբոսաշրջային այս քաղաքն է արձանը տեղը։ «Վերջապես այս նահանգը իր օրոք է զարգացել, հերիք է վախենանք, ինչքան կարող ենք վախենալ,պիտի ասենք ինքն է մաքրել այս տեղանքը․․․ Եթե մեռնելու են, տղամարդու պես մեռնենք այս մարդկանց օրինակով։
Կարո Սասունին սիմվոլ է ամեն ինչի՝ մտավորականի, գրողի, պատմաբանի, արձակագրի, քաղաքական գործչի, պետական գործչի։ Ես նրան ներկայացրել եմ տարբեր տեղեր՝ նամակներով՝ որպես պետական այր»,- ասաց Աշոտ Ներսիսյանը։ Քանդակագործ Միսակ Մելքոնյանն անկեղծացավ, որ ինքն էլ մինչ արձանը քանդակելը տեղեկացված չէր Կարո Սասունիի գործունեությունից։
«Գիտեմ, որ Գյումրի քաղաքում արձան դնելը հանաք մասխարություն չէ»,-ասաց նա։ Քանդակագործը մանրամասնեց, որ արձանը բավականին մեծ է՝ 2 մետր 50 սանտիմետրանոց, արձանը քանդակելիս՝ ցուցադրել է Կարո Սասունիի մտավորական, հայրենիքի համար պայքարող անձնավորություն ու կառավարիչ լինելը։ Արձանի տեղադրման համար 4 վայր էր առաջարկվում, այդ թվում Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը։ Մասնակիցներից մեկն առաջարկեց «Սև Բերդի» տարածքը։ Առաջարկ հնչեց այն տեղադրել Շիրակի պետական համալսարանի բակում, որպեսզի ուսանողները ոգեշնչվեն նրա կերպարով։ Արձանը կտեղադրվի՝ առաջարկներն ավագանուն ներկայացնելուց ու վայրը հաստատելուց հետո։