«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետական դրամաշնորհի հավաստագրեր են հանձնվել ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին

30/09/2021

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԵՊՀ-ում առաջին անգամ անցկացված միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նպատակն ուսանողների շրջանում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական դրամաշնորհի հատկացման հարցում գիտակցության սերմանումն ու դրանից բխող պատասխանատվության բարձրացումն է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է առաջին կուրսեցիներին և հույս հայտնել, որ առաջին անգամ անցկացվող այդ միջոցառումը՝ պետական դրամաշնորհների հավաստագրերի տրամադրումը, կդառնա ավանդական ոչ միայն ԵՊՀ-ի, այլև մյուս բուհերի համար:

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ևս շնորհավորել է ուսանողներին, նրանց մաղթել հաջողություն՝ կոչ անելով կրթական համակարգից վերցնել առավելագույնը, դառնալ լավ մասնագետներ և կրթությունն ու գիտելիքը ծառայեցնել երկրի զարգացմանը: