Շախմատային տները վերածում ենք կամավորության կենտրոնների․ Մխիթար Հայրապետյան
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիայի ենթակայության տակ գտնվող դպրոցներն այսուհետ գործելու են որպես կամավորական աշխատանքների հավաքատեղիներ:
«Շախմատային տները վերածում ենք կամավորության կենտրոնների: Երևանի շախմատի ֆեդերացիայի ենթակայության տակ գտնվող դպրոցներն այսուհետ գործելու են որպես կամավորական աշխատանքների հավաքատեղիներ: Թիկունքն ամուր պահող բոլոր մեր հայրենակիցները, որոնք զինվորական հագուստ, զրահաբաճկոններ և այլ անհրաժեշտ պարագաներ կարելու, քողարկիչ ցանցեր հյուսելու անհրաժեշտ հմտություններ և փորձ ունեն, կարող են ցուցակագրվել՝ զանգահարելով 093000796 հեռախոսահամարին:
Շախմատի դպրոցները տեղակայված են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում: Խնդրում ենք կապ հաստատել նաև այն դեպքում, եթե արդեն իսկ ունեք կարի մեքենաներ և պատրաստակամ եք դրանք ժամանակավորապես տրամադրել կամավորության կենտրոններին»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրառման մեջ: