Չեխիայի Սենատը կքննարկի երկրի նախագահին պետական դավաճանության մեջ մեղադրելու հնարավորությունը
Չեխիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) կքննարկի երկրի նախագահ Միլոշ Զեմանին դավաճանության մեղադրանք ներկայացնելու հավանականությունը՝ կապված նախօրեին արած նրա հայտարարության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով չեխական ռադիոյին:
Խոսքը Զեմանի կիրակնօրյա հեռուստաուղերձի մասին է, որի ժամանակ երկրի ղեկավարը խոսել էր Վրբետիցե գյուղի զինապահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունի մասին: Սենատի պնդմամբ՝ Զեմանը տեղեկություններ է գաղտնազերծել գործի հետաքննությունից, որոնք հրապարակման ենթակա չէին:
«Մենք կզբաղվենք սահմանադրական բողոք ներկայացնելու հնարավորությամբ՝ կապված նախագահի կողմից հայրենիքը դավաճանելու կասկածանքի հետ: Այժմ պետք է անհրաժեշտ տեղեկություն հավաքել և լսել սահմանադրական իրավունքի հարցով փորձագետների կարծիքները»,- ասել է Սենատի խոսնակ Միլոշ Վիստրչիլը: