«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոտանված ռազմամթերքի մատակարարման գործով քրեական գո՞րծ է հարուցվել

16/12/2020

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել խոտանված ռազմամթերքի մատակարարման գործով։

Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը օրերս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ, ըստ օդում կախված լուրերի, պատերազմի 4-5-րդ օրը, երբ արկերի պաշարը վերջացել էր, ժանգոտ, ոչ պիտանի արկեր են բերվել Հայաստան։ «Եթե հիշում եք՝ տեսանյութ էր տարածված, որտեղ երևում էր, որ ճանապարհի երկայնքով արկերով լի արկղեր էին շարված, տեսանյութում նաև մեկնաբանություն էր հնչում, թե արկերը թողած՝ հայերը փախել են։ Իրականում, դրանք ժանգոտ ու գործածության համար ոչ պիտանի արկեր են եղել։ Ըստ էլի օդում կախված լուրերի՝ հենց այդ ժանգոտ ու թնդանոթի մեջ պայթող արկերը եղել են Ջալալ Հարությունյանի ու Դավիթ Տոնոյանի միջև կոնֆլիկտի պատճառը»,- ասել էր Սիրունյանը։

Մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործը հարուցվել է հենց այս պատերազմի օրերի՞ն մատակարարված խոտանված ռազմամթերքի հետ կապված, որը, ինչպես արդեն նշեցինք, դարձել էր Դավիթ Տոնոյանի ու Ջալալ Հարությունյանի հայտնի վեճի առարկան, թե՞ խոտանված ռազմամթերք գնելու վերաբերյալ այն բոլոր լուրերին, որոնք տարածվում էին վերջին 2-2,5 տարիների ընթացքում։

Նշենք, որ մեկ այլ աղմկահարույց գործով ևս ակնհայտ է դառնում, որ ՀՀ ՊՆ գնումների գործընթացը խայտառակ ձևով է իրականացվել։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019-ի մայիսին չեղարկել էր ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը: ՊՆ գնումների հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթը չեղարկվել էր ORSIS-ի կողմից՝ նախկինում նմանատիպ մատակարարումների փաստը չհիմնավորելու պատճառով: Սակայն որոշակի ժամանակ իրականացված քննության ժամանակ աղաղակող փաստեր էին ի հայտ եկել ՊՆ գնումների վերաբերյալ։ Դրանից հետո, ցավոք, քրեական գործի վարույթը կարճվեց։

Իսկ ՊՆ գնումներում նման պատկեր է եղել, քանի որ տարիներ շարունակ ՀՀ ՊՆ-ն ունեցել է զենքի մեկ մատակարար։ ՀՀ ՊՆ-ի համար զենք է գնել և մատակարարել մի ընկերություն, որը գրանցված է օֆշորում և պատկանում է հայտնի Դավիթ Գասպարյանին՝ Պատրոն Դավոյին։

Հիշեցնենք, որ օրերս էլ մեր՝ «Պատերազմի երրորդ օրը ORSIS-ի տնօրենը դիմել է ՀՀ ՊՆ-ին անվճար ռազմամթերք բերել, ՊՆ-ից մինչ օրս չեն պատասխանել» վերտառությամբ հարցազրույցի հիման վրա է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր նախապատրաստվում։ Այդ հարցազրույցի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշել էր, որ սեպտեմբերի 27-ի պատերազմից երեք օր անց ORSIS ընկերության տնօրենը առաջարկով դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ մի կողմ դնել առկա տարաձայնությունները, և ցանկացած ռազմամթերք՝ փամփուշտից մինչև ծանր տեխնիկա, գնալ ու անվճար և անսահմանափակ քանակի բերել, որից հետո 2021 թվականին նոր հինգ տարվա կտրվածքով կմշակվի վճարման ժամանակացույց, սակայն ՀՀ ՊՆ-ից մինչ հարցազրույցի օրը չէին պատասխանել ընկերության առաջարկին։ Միայն հարցազրույցից հետո, երբ այդ փաստը դարձավ հրապարակային, նոր ՀՀ ՊՆ-ից կապվել էին ORSIS ընկերությանը և տեղեկացրել, որ ընդունում են առաջարկը։

Փաստաբանը, սակայն, հրաժարվել էր զինվորական քննչական գլխավոր վարչությունում բացատրություն տալ, քանի որ այդտեղ ակնհայտ շահերի բախում կա, և այդ վարչությունը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել՝ ելնելով այն հանգամանքից, որ խնդիրը վերաբերում է ՊՆ գնումներին, գնումների գործընթացում հերթական չարաշահմանը, իսկ ՊՆ գնումների պատասխանատու Գագիկ Աֆրիկյանը զինդատախազ Վահե Հարությունյանի քենակալն է (բաջանաղ), իսկ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մայիլյանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ բարեկամական կապերով է կապված։ Մասնավորապես, գտնվում են փեսա-աներձագ հարաբերություններում։ Հետևաբար, Սիրունյանի խոսքերով՝ ինքն առաջարկել է բոլոր նյութերն ուղարկել հատուկ քննչական ծառայություն, որտեղ արդեն իսկ նույն թեմայով քննվող քրեական գործ կա։