«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ելույթների առանցքը գերիների վերադարձի հարցն էր

31/01/2021

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին պատվիրակությունների թիվն աննախադեպ քիչ էր. նրանցից շատերը նիստերին մասնակցում էին հեռավար տարբերակով: Հիբրիդային ձևաչափն ընտրվել էր պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի համավարակի չնահանջող տեմպով:
44 օրյա պատերազմից հետո առաջին անգամ՝ Եվրոպայի ամենակարևոր հարթակներից մեկը, Հայաստանի պատվիրակությունն օգտագործեց հետպատերազմյա գլխավոր ու հրատապ խնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով: Պատվիրակների բողոքի ձայնը լսվեց ինչպես բարձր ամբիոններից, այնպես էլ կուլիսային քննարկումներում: Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ առաջին նիստից առաջ բողոքի ակցիա իրականացրեց՝ պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ վերադարձնելու պահանջով։
Ադրբեջանը միայն խոսում է խաղաղությունից, քայլեր չի ձեռնարկում: Հայ պատվիրակները փաստերով խոսեցին:
Վլադիմիր Վարդանյան /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ/. «Մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել ռազմագերիների ֆիզիկական վիճակի մասին նվազագույն տեղեկություն: Կցանկանայի պատասխանատու կերպով հայտարարել՝ այս մարդկանց Ադրբեջանը չի պահում այն պատճառով, որ նրանք որևէ հանցանք են գործել, այլ դա անում է պարզապես նրանց հայ լինելու պատճառով»:
Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու գործում Եվրոպան անելիք ունի՝ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց եվրոպական կառույցին օգտագործել մարդու իրավունքների պաշտպանի իր մանդատն ու անել առավելագույնը:
Նաիրա Զոհրաբյան. /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ/. «Ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, որի որդուն գլխատում են թուրքադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին»։
44 օրյա պատերազմի ընթացքում Բաքվի ոճրագործությունների մասին փաստերի ու հիշատակումների պակաս եվրոպական ամենահայտնի հարթակներից մեկում չնկատվեց: Հայկական պատվիրակության դիտարկումներին՝ ադրբեջանական կողմը կեղծ խաղաղասիրական կոչերով պատասխանեց: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հայտարարեց՝ որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև,Սամադ Սեիդովը խոսեց անգամ վստահության մթնոլորտի վերականգման մասին:
Ռուբեն Ռուբինյան /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար/ «Անցյալ ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, որը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից: Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանությունն այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը»:
Վստահության մթնոլորտի ամրապնդման կեղծ հռետորաբանությանը հակադարձել է նաև ԵԽԽՎ պատվիրակ Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյան. /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ/. «Ես կարծում եմ՝ մենք ունենք այս իրավիճակում երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է՝ խաղաղության ճանապարհով, ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետո ` խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին իրենց բանտերում, հարկ է նկատել՝ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է»։
Հայ գերիների թեման՝ որպես նստաշրջանում առանցքային կարմիր գիծ, շարունակել է նաև պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ եվրոպացի պատգամավորին հիշեցնելով՝ հայ գերիների թվում նաև կին կա:
Տաթևիկ Հայրապետյան. /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ/. «Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, որը պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը»:
Լիագումար նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը առաջարկ էր ներկայացրել քննարկել հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման հարցը: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից: Փոխարենը, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցին:
Միքայել Մելքումյան. /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ/. «Հիմա Եվրոպան Նավալնիի համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրքադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում: Եվրոպա՛, ես ուղիղ հարց եմ տալիս՝ ու՞ր էիր 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչո՞ւ ձայնդ չէր լսվում: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը: Եվրոպան բացակա էր»:
Սոս Ավետիսյան. /ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ/. «Այս դահլիճում բոլոր քննարկվող թեմաները գուցե կարևոր են, սակայն ոչ մեկը չուներ այն հրատապությունը, որն իրերի բնականոն բերումով՝ անդամ պետությունների վայրագության մասին պետք է լիներ այստեղ, մենք պետք քննարկենք հենց մարդասիրական հարցեր՝ դրանցից առաջնայինը դարձնելով ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին»։

2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա հիմնված ԵԽԽՎ ընդունած բանաձևում անդրադարձ եղավ նաև Հայաստանին և Ադրբեջանին, արցախյան 44-օրյա պատերազմին:
«Վեհաժողովը կոչ է անում իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները, կատարել մարդասիրական հարցերին վերաբերող կետերը: Վեհաժողովը բոլոր կողմերին հորդորում է անհապաղ իրականացնել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակում, հարգել մշակութային ժառանգությունը: Վեհաժողովը Մոնիտորինգի հանձնաժողովին կոչ է անում ուսումնասիրել ուղիներ՝ խորհրդարանական մակարդակով աջակցելու խաղաղ գործընթացին նպաստող մթնոլորտին»:
Ըստ ԵԽԽՎ-ի զեկույցի՝ Հայաստանում առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում, փաստաթղթում դրական է համարվում ոստիկանության ուժերի բարեփոխումների՝ 2020-2022 թվականների ռազմավարության ընդունումը, ՀՀ ԱԺ-ի մտադրությունը՝ քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը բարձրացնելու առիթով: Զեկույցում ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործադրման փաստի առիթով:
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցավ պետական հաստատությունների վրա հարձակում և ՀՀ Ազգային ժողովի նախագահի դեմ ֆիզիկական բռնություն: Այդ պատճառով նա հոսպիտալացվեց»:
Զեկույցի վերջում Հայաստանին ուղղված կոչը մեկն է ՝ շարունակել ժողովրդավարական ուղին և հաղթահարել այն քաղաքական ճգնաժամը, որը երկրում առաջացել է եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:
Ադրբեջանին ուղղված մտահոգությունները մի քանիսն են՝ բազմակարծության բացակայությունից մինչև ազատ հավաքներ անցկացնելու խնդիրներ, իսկ վերջում վեհաժողովի կողմից ևս մեկ ուշագրավ դիտարկում ուղղված հենց Ադրբեջանին՝ զերծ մնալ պատերազմական հռետորաբանությունից:

https://www.1lurer.am/