«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ իշխանություններն առաջիկայում կհայտարարեն ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը․ Պետդեպի ներկայացուցիչ

05/09/2022

Ամերիկյան վարչակազմն առաջիկայում մտադիր է հայտարարել ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։

Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ում թեկնածությունն է մտադիր առաջադրել նախագահ Ջո Բայդենը Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում։ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Սալիվանի աշխատանքի ավարտը նախապես էր որոշված։
«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներում հայտարարել ՌԴ-ում մեր հաջորդ դեսպանի թեկնածուի մասին, սակայն այս պահի դրությամբ հաղորդելու ոչինչ չունենք», - նշել է Պետդեպի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պոտենցիալ թեկնածուին պետք է հաստատի Կոնգրեսի Սենատը, իսկ դեսպան Սալիվանի մեկնումը ՌԴ-ից նախապես ծրագրված էր և բնականոն դիվանագիտական ռոտացիայի մասն է կազմում։
Նա նաև հիշեցրել է, որ Սալիվանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր շուրջ երեք տարի, ինչը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանների աշխատանքի ստանդարտ տևողությունն է։
«Դեսպան Սալիվանն այս պաշտոնում առաջադրվել էր նախորդ վարչակազմի օրոք, և 2021 թվականի հունվարին նախագահ Բայդենը նրան խնդրել էր մնալ Ռուսաստանում՝ ներկայացնելու Միացյալ Նահանգները», - հավելել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը և լքել Մոսկվան։ Մինչ իրավահաջորդի ժամանումը, նրա պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը։
Սալիվանը դեսպան է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերին և գրեթե երեք տարի գտնվում է Ռուսաստանում։