«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ավելացնել բերքի ծավալն ու բարձրացնել որակը. ջերմատնային բիզնեսը զարգանում է

28/06/2021

Պարարտանյութերը միանգամից խառնվում, նախատեսված քանակով 15 րոպեն մեկ սնուցում են արմատները: Գաղափարից դեպի բիզնես. դեղագործ և ծրագրավորող եղբայրները նորարարությունը կիրառում են գյուղատնտեսության ոլորտում: Երևանից տեղափոխվել են Կոտայքի մարզ՝ ծրագրի իրականացման համար:

Րաֆֆի Ահարոնյան (ջերմատնային բիզնեսով զբաղվող ընկերության համահիմնադիր) - Անընդհատ հետաքրքել է էս ոլորտը, նամանավանդ արդի գյուղատնտեսությունը, այսինքն՝ ավտոմատացված, հաշվարկներով, որտեղ կարող ես և՛ եկամուտներդ կարգավորել, և՛ սպասելիքներդ:

Նոր սերնդի ջերմատնային բիզնեսին անցնելու գաղափարը իրականություն դարձավ 2020-ին մեկնարկած փոքր և միջին ջերմատնային տնտեսություններին պետական աջակցության ծրագրի միջոցով: Այն նպատակ ունի Հայաստանում ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսը:

Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի մշակման վարչության պետ) - Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների պետական աջակցության ծրագիրը հնարավորություն կտա ավելացնել արտադրված բերքի ծավալը, բարձրացնել դրանց մրցունակությունը:

Պետական աջակցության ծրագրից օգտվելու համար Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը կազմակերպում է դասընթաց: Ծրագրից օգտվելու առաջին և ամենակարևոր նախապայմանն է: Ծրագրով առաջարկվում է ջերմատների կառուցման, տեխնոլոգիական ապահովման 3 մոդել: Փոքր թունելային ջերմատներ՝ 300-600 քմ, 800-3000 քառ հողային հարստացված մակերես և 800-3000 քմ հիդրոպոնիկ եղանակ:

Իռա Փանոսյան - Տնտեսվարողն ինքն է ընտրում մոդելներից յուրաքանչյուրը, և երբ որ ծրագրի ընթացակարգով իրականացնում է կառուցումը, արդեն իսկ յուրաքանչյուր քմ հաշվով տրամադրվում է 4-10 000 դրամ, իսկ արտոնյալ խմբերի համար՝ 6-15000 դրամ:

Տրամադրված աջակցությամբ Ահարոնյան եղբայրներն առաջին տարում ջերմոցում վարունգ ու լոլիկ են աճեցնում: Սերմից սածիլի ստացում, պարարտացումից ոռոգում. ամբողջ գործընթացն իրականացվում է ավտոմատ եղանակով: Սմարթ ծրագրերով ջերմատան կառավարումը նվազեցնում է բերքի ինքնարժեքը:

Հայկ Ահարոնյան (ջերմատնային ընկերության համահիմնադիր) - Համակարգչով մենք կարողանում ենք ծրագրերը տալ, թե երբ ինչ ջերմաստիճան ապահովի, երբ ինչքան ջրի, քանի մլ ջուր ջրվի:

Բերքը սպառում են տեղական շուկայում, ունեն 10 աշխատակից, թիվը գնալով ավելանում է:

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների պետական աջակցության ծրագրին դիմած շահառուն կարող է օգտվել նաև 3-15 մլն դրամ վարկավորումից: Եթե ջերմատունը մեծ մակերեսով է, առաջարկում են անգամ լիզինգի տարբերակը: Այս դեպքում շահառուն  կարող է նաև սարքավորումներ ձեռք բերել մինչև 1 մլրդ դրամի չափով: