«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էգեյան ծովում 3 գաղթականի դիակ է հայտնաբերվել. Թուրքիան մեղադրում է Հունաստանին

20/03/2021

Էգեյան ծովում՝ Թուրքիայի Չեշմե քաղաքի ափին, այսօր հայտնաբերվել է 3 մարդու դիակ, գրում է ahvalnews.com-ը: Աղբյուրը հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել 3 մարդու կյանք, իսկ 1-ը շարունակում է մնալ անհետ կորած: 
Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տեղի ունեցածի համար մեղադրել է Հունաստանին:
«Հունաստանի առափնյա պահպանության ստորաբաժանումները այս գիշեր ծեծի են ենթարկել 7 գաղթականներին, վերցրել են նրանց իրերը, կապել նրանց ձեռքերը պլաստիկ ձեռնաշղթաներով և նետել նրանց ծովը՝ առանց փրկարար բաճկոնների և նավակների»,- մանրամասնել է նա: 
Ի պատասխան՝ Հունաստանի իշխանությունները հերքել են Սոյլուի մեղադրանքները: 
«Մենք այդ կերպ չենք վերաբերվում գաղթականների և վտանգի մեջ գտնվող այլ մարդկանց հետ»,-Reuters-ի հետ զրույցում շեշտել է Հունաստանի առափնյա պահպանության ծառայության խոսնակ Նիկոլաոս Կոկկալասը:
Հիշեցնենք՝ Էգեյան ծովը գլխավոր անցակետ է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են Թուրքիայից արտագաղթել ԵՄ անդամ Հունաստան:
Նշենք՝ անցյալ տարի գերմանական Der Spiegel ամսագիրը հետաքննություն էր անցկացել, որով պարզվել էր, որ Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը բռնի կերպով գաղթականների նավերը վերադարձնում է թուրքական ջրեր՝ ԵՄ սահմանապահ Frontex գործակալության ակնհայտ իմացությամբ:
2016-ին կնքված գործարքի հետևանքով Թուրքիան համաձայնվել էր սահմանափակել մարդկանց անցումը ԵՄ՝ երկրում մոտ 4 միլիոն փախստականներին աջակցելու համար միջոցների տրամադրման դիմաց:
Համաձայնագիրը բազմիցս քննադատվել է մարդասիրական կազմակերպությունների կողմից, քանի որ այն չի երաշխավորում գաղթականների իրավունքների պաշտպանությունը: Այս առնությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, նշելով՝ Միությունը պատրաստ է վերսկսել գործարքը: 
Human Rights Watch և Amnesty International մարդասիրական կազմակերպությունները վերջերս զգուշացրել էին, որ ԵՄ-ի համագործակցությունը Թուրքիայի հետ միգրացիայի հետ կապված հարցերի շուրջ շատ ռիսկային է, քանի որ այս երկիրը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից վատ ցուցանիշների է արձանագրել: