«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախապատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև Արցախի հարցով․ Ինչ է այն ենթադրում

15/11/2021

Նախապատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև, որի նախագիծը համաձայնեցվում է Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի, որից հետո կհամաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ այսինքն՝ «3+2» այդ ձևաչափը, որը միշտ գործել է Մինսկի խմբի հովանու ներքո գտնվող գործընթացում, հիմա անցնում է այն փուլը, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ միջև, կարելի է ասել, որ հիմնականում համաձայնեցված են այդ բանաձևի գլխավոր դրույթները։ Եվ գործընթացն անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ այդ բանաձևի դրույթները համաձայնեցնելու փուլ։

«Ֆրանսիան իր հարթակը տրամադրեց՝ այդ բանակցություններն իրականացնելու համար, որովհետև այն դիտվում է որպես հավասարակշռված կենտրոն։ Եվ դրանով է պայմանավորված, թե ինչու որոշվեց, որ Ֆրանսիայում պետք է իրականացվի բանակցությունների այս փուլը, ինչը տեղի ունեցավ»,- ասաց նա։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծով նախատեսվում է, որ Արցախի՝ նախկին ԼՂԻՄ տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի տարածքի նկատմամբ պետք է ներդրվի միջազգային կառավարում։

«Այսինքն՝ ՄԱԿ-ը պետք է տրամադրի համապատասխան մանդատ և Կոսովոյի օրինակով ստեղծի կառույց, որն Արցախում իրականացնելու է կառավարում։ Այդ վարչակազմի մանդատը լինելու է նախապատրաստել, պայմաններ ստեղծել Արցախում հանրաքվե անցկացնելու համար, որը պետք է որոշի վերջնական կարգավիճակը։ Նախքան պատերազմը նախատեսվում էր, որ այդ գործառույթը պետք է իրականացնեին Արցախի հայկական իշխանությունները։ Իսկ պատերազմից հետո դա դարձավ անհնար, հետևաբար, այս մանդատը դառնում է միակ հնարավոր գործիքը, որով միջազգային հանրությունը կարող է Արցախում պայմաններ ստեղծել, որպեսզի մարդու իրավունքները հարգելու և պահպանելու պարագայում իրականացվի հանրաքվե, որով մարդիկ կորոշեն Արցախի վերջնական կարգավիճակը։ Դա կարող է լինել ցանկացած կարգավիճակ, որն ինքնորոշման իրավունքը թույլ է տալիս։ Այսինքն՝ միավորվել Հայաստանի հետ, լինել անկախ, թե՞ լինել Ադրբեջանի կազմում։ Բոլոր տարբերակներն առաջարկվելու են Արցախի բնակչությանը։ Եվ այդ հանրաքվեի արդյունքները լինելու են պարտադիր բոլոր կողմերի համար»,- ասաց Անդրիաս Ղուակասյանը։

Բանաձևի երկրորդ կետը միջազգային անվտանգության երաշխիքներ ստեղծելն է, որը ենթադրում է, որ Արցախի շուրջ պետք է ստեղծվի բուֆերային գոտի։ Այսօր այդպիսի գոտի չկա, շփման գծում միջադեպեր են տեղի ունենում։ Ըստ Ղուկասյանի՝ բուֆերային գոտին պետք է ապահովի անվտանգությունը, և բուֆերային գոտում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղարար ուժեր։ «Նաև նախատեսվում է ծրագիր ենթակառուցվածքները վերականգնելու, պատերազմի հետանքները վերացնելու համար։ Այն կարգավիճակը, որը կորոշվի Արցախի համար, նույն կարգավիճակը տարածվելու է միջանցքի վրա, որը կապում է Հայաստանն Արցախի հետ»,- հավելեց նա։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Ռուսաստանը շատ քիչ ընտրության հնարավորություն ունի, և եթե չհամաձայնվի այս տարբերակին, ԱՄՆ-ն վճռական է տրամադրված իր ռազմաբազան տեղակայելու Վրաստանում։

«Այսինքն՝ եթե այպիսի մոտեցումներ են ցուցաբերվել մի կողմից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կարելի է դիտարկել որպես մի կողմ, ապա մյուս կողմն սկսում է իր քաղաքականությունը ձևավորել որպես համակարգված և կոլեկտիվ քաղաքականություն։ Տեսնում ենք, որ Բրիտանիան նախաձեռնեց հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացը, ԱՄՆ-ն է այդ ուղղությամբ կտրուկ քայլեր անում։ Այսինքն՝ ընդհանուր քաղաքականությունն այն է, որ բոլորը հասկանում են՝ ուժային միակողմանի քայլերին պետք է պատասխանել նույնկերպ ուժային քայլերով։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը, համեմատելով հետևանքները, կա այդպիսի կարծիք, որ ավելի հակված է խուսափել Վրաստանում ԱՄՆ զորքերի տեղակայումից։ Դրա համար պատրաստ է գնալ զիջումների Արցախի հարցում՝ իր ռազմական մասնակցությունն այնտեղից դուրս բերելով։ Ինչ վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, իհարկե, իրենք այդ գործողությունները դիտարկում են որպես իրենց դեմ խիստ ուղղված Արևմուտքի գործողություններ և ամեն կերպ փորձում են դրան հակադրվել իրենց բոլոր հասանելի քաղաքական, ռազմական, ֆինանսական, կոռուպցիոն, հանցավոր գործիքներով»,- նշեց նա։