«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրթական համակարգը որպես Հայաստանի քայքայման գործիք. Վահան Վարդանյան

01/09/2023

Որակյալ կրթական համակարգը ցանկացած պետության հզորության գրավականն է։ Կրթության որակով է պայմանավորված տնտեսության, մշակույթի, ռազմական ներուժի զարգացման մակարդակը։ Նույնիսկ եթե պետությունը ունի հսկայական էներգետիկ ռեսուրսներ, տնտեսության, մշակույթի ու պաշտպանական ոլորտի զարգացման իդեալական նախագծեր՝ այդ ամենի օգուտը զրոյական է լինելու, առանց բարձր որակավորման մասնագետների։ Սա պարզ ճշմարտություն է, որն ընկած է զարգացած պետությունների հիմքում։

Այս պարագայում Հայաստանի Հանրապետության մեծագույն խնդիրներից մեկը կարող ենք համարել ԲՈՒՀ-Աշխատաշուկա կապի բացակայությունը։ Դրա արդյունքում անկախության առաջին տարիներից սկսած Հայաստանում առաջացավ բարձրագույն կրթությամբ մարդկանց հսկայական քանակ։ Այդ քանակը բավականաչափ գերազանցում էր տնտեսության առկա պահանջները, ուստի տարբեր ոլորտների շատ մասնագետներ կանգնեցին աշխատանք փնտրելու փաստի առաջ։ 1990-ական թթ․ սկիզբ առած արտագաղթը մասամբ պայմանավորված էր հենց այս հանգամանքով։

Այսօրվա դրությամբ տենդնեցները պահպանվում են։ Հայաստանի կրթական համակարգը շարունակում է բարձր վարձավճարների դիմաց, առանց դադարի, ամեն տարի մատակարարել հազարավոր երկրաբաններ, միջազգայնագետներ, հոգեբաններ, փիլիսոփաներ, կենսաբաններ, որոնց առնվազն մեծ մասի համար պետությունը առաջարկ չունի։ Բացի այդ՝ առկա թափուր աշխատատեղերի մեծ մասը ցածր աշխատավարձերով են։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը ստիպված է լինում աշխատանքի անցնել ոչ մասնագիտական մատչելի ոլորտներում։ Այս հանգամանքից մեծ արդյունավետությամբ օգտվում են մասնավոր ընկերությունները, որոնք իրենց հաստիքների մեծ մասի համար սահմանում են ցածր աշխատավարձեր՝ պաշտոնի բարձրացման ու աշխատավարձերի վերանայման ցածր հավանականությամբ։ Գործում է աշխատակցի մաքսիմալ շահագործման սկզբունքը, իսկ եթե աշխատակիցը չի համակերպվում առկա պայմաններին, նրան հանգիստ կարելի է փոխարինել բարձրագույն կրթությամբ հարյուր հազարավոր գործազուրկներից որևէ մեկով։

Այս համակարգը ի վերջո հանգեցնում է բնակչության զգալի մասի հիասթափությանն ու խթանում արտագաղթի նոր ալիքներ։ Փաստացի Հայաստանի կրթական համակարգը երկրի համար որակյալ կադրեր մատակարարելու փոխարեն մատակարարում է երկրից պոտենցիալ արտագաղթողների խմբեր։

Հայաստանի կրթական համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի։ Բնականաբար կարճ ժամանակահատվածում դա անել հնարավոր չէ, ուստի որպես ժամանակավոր լուծում պետությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա կրթական կյանքի վերահսկման ու կանոնակարգման գործում, կատարի համակարգողի դեր։ Հակառակ դեպքում առկա տենդենցների պահպանումը դանդաղ բայց հստակ քայլերով թուլացնելու է Հայաստանի Հանրապետությունը և ինչ-որ պահի աղետալի կետի է հասնելու։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Վահան Վարդանյան