«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սևանը պետք է մաքրվի ապօրինի կառույցներից ու աղբից․ նախարար. «Ռադիոլուր»

25/06/2021

Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի ափերը ապօրինի կառույցներից ու աղբից մաքրելու գործընթաց է սկսել։ Սևանի ափամերձ հատվածներում տարիներ շարունակ ոչ միայն հանգստի և ժամանցի օբյեկտներ են գործել, այլև կառուցվել են բազմաթիվ առանձնատներ ու  հյուրանոցներ։ Նախարարությունը նաև սկսել է վերանայել նախկինում կնքված պայմանագրերը։

Առաջին հերթին քանդվելու են բոլոր այն շինությունները, որոնք ծովի մակերևույթից 1903 մետրից ցածր հատվածում են, դրանք շուրջ 1600-ն են։ Ըստ բնապահպանների՝ այսպիսի կառույցները վնաս են հասցնում լճի էկոհամակարգին, ինչի հետևանքով արդեն մի քանի տարի շարունակ կապուտակ Սևանը ծաղկում է և կանաչում։

Կապտականաչ ջրիմուռները կրկին գրոհել են Սևանը։ Խնդիրն արդեն տարիների պատմություն ունի, և եթե չլուծվի,  ազգային հարստություն համարվող Սևանը կճահճանա։ Ոլորտի մասնագետները, սակայն, հույսը չեն կորցնում։ Ամեն բան կանեն, որ բանը դրան չհասնի։ Ակնկալիքը կառավարության ծրագրերի իրականացումն է՝ գործնականում։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ ձեռնարկելու են հնարավոր բոլոր միջոցները Սևանի ճահճացման վտանգը կանխելու համար։

«Կառավարության քննարկմանն է ներկայացվել  պետական բյուջեից որոշակի գումարի վերաբաշխում կատարելու նախագիծը, որով ձեռք ենք բերելու հատուկ տեխնիկա։ Ձեռնամուխ ենք լինելու սահմանված նիշից ներքև քանդման ենթակա ապօրինի շինությունների, կցակառույցների քանդմանը, շինաղբի հեռացմանը»։

Սևանի հարակից տարածքների բնակավայրերից և օբյեկտներից դուրս եկող և լիճ թափվող կեղտաջրերն են լճի ծաղկման գլխավոր պատճառը, սրանում համոզված են և ոլորտի մասնագետները, և ոլորտի պատասխանատուները։ Անդառնալի կորստից խուսափելու համար անհրաժեշտ է մաքրման կայաններ տեղադրել, և այդ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԳԱԱ կից «Սևանի» փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը: 2400 օբյեկտներից 14-ն արդեն մաքրման կայաններ ունեն։

«Ամբողջ Սևանի առափնյա տարածքներում 2400 տարբեր տիպի կազմակերպություններ կան, հիմնականում սննդի և առևտրի օբյեկտներ են։ Դրանց կոյուղու և լվացքի գծերը  բոլորը լցվում են Սևանա լիճ։

Լճի ափին գործունեություն ծավալող մի քանի հարյուր տնտեսվարողներից միայն մի քանիսն են նման կայաններ տեղադրել։ Մինչդեռ կառավարության դեռևս 2006 թվականի որոշմամբ Սևանի հարակից տարածքների բնակավայրերից և օբյեկտներից դուրս եկող և լիճ թափվող բոլոր կոյաջրերը պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեն՝ ասում է Յուրի Ջավադյանը․

«Պետք է դրանց օրենքի դաշտ բերենք իրենց հաշվին։ Յուրաքանչյուր սննդի օբյեկտը ամսական վճարելու է 40 000 դրամ, 5 տարում։ Դա մեկ ժամվա մեկ սեղանի հաճախորդի գումար է»։

Թե ինչո՞ւ  տարիների ընթացքում այդ հարցը չի լուծվել, հետաքրքրվեցինք հենց Սևան ազգային պարկից։ Ինչ երաշխիքներ կան, որ տարիներ հետո նորից նույն կամ ավելի վատ պատկեր չենք ունենալու։ Ազգային պարկի տնօրեն Արման Աբելյանը հայտնեց, որ նախկինում այդ աշխատանքները մրցույթով են իրականացվել, այժմ դրանց կատարումն անձամբ պետությունն է ստանձնել։

«Նոր ավտոպարկը կիրականացնի և ապօրինի շինությունների ապամոնտաժումը, և ջրի տակ մնացած բուսաշերտի, հողաշերտի մաքրման աշխատանքները»։

«Սևան ազգային պարկի» ընդհանուր ցամաքային տարածքը 22 500 հա է։ Դրանից վարձակալության է տրված 2000 հա-ն, որն ընդհանուրի շուրջ 10 տոկոսն է։ Ապօրինի շինությունները 1600-ն են։ Առաջնայինը դրանց ապամոնտաժումն է՝ ասաց Արման Աբելյանը։ Ու թեև ընդունում է, որ  Սևանի խնդիրը մեկ օրում լուծվող հարց չէ,  այդուհանդերձ համոզված է՝ 1-2 տարվա ընթացքում էլ հնարավոր էր տեսանելի աշխատանք կատարել Սևանը կորցնելուց խուսափելու համար։