«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ»․ ԿԽՄԿ նախագահ

24/11/2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ, գրում է ria.ru-ն։

«ՌԲԿ»-ին տված հարցազրույցում Մաուրերը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ում հակամարտության բռնկմանը զուգընթաց հասկացել են, որ «պետք է ավելին անել»։

Նա նշել է, որ պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։

«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Մաուրերը հայտարարել էր, որ Կարմիր խաչը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հետ ուժեղացնել համագործակցությունը: Կազմակերպության նախագահը հավելել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ն ավելացրել է ցուցաբերվող օգնության ծավալները;

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։
 

tert.am