«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում դատախազություն հաղորդում է ներկայացվել՝ դավաճանության, Սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ քրգործ հարուցելու պահանջով

18/12/2020

Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները պահանջում են քրեական գործ հարուցել՝ դավաճանության, Արցախում սահմանադրական կարգը տապալելու եւ ԱՀ շրջանները Ադրբեջանին հանձնելու հետեւանքով,  Արցախին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը։ 

«Անհարկի քննարկումների ու բամբասանքների փոխարեն մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որով պահանջել ենք քննության առնել և դավաճանության, և ԱՀ Սահմանադրական կարգը տապալելու, և ԱՀ շրջանները Ադրբեջանին հանձնելու հետևանքով,  Արցախի Հանրապետությանը պատկանող գույքի անպատասխանատու կորստի առերևույթ հանցավոր դիտարկվող դեպքերը: Սպասում ենք քննության արդյունքներին, որից հետո միայն մենք համապատասխան հայտարարություններ կանենք»,- նշել է Հայրապետյանը։

Նրա խոսքերով՝ Արցախը և արցախցին այսօր խեղդված է լրջագույն մարտահրավերների, ամենօրյա աշխատանք պահանջող խնդիրների բեռի տակ, որի պատճառով որոշ հարցեր խորտակվում են սոցիալական, կենցաղային մանր, բայց միաժամանակ մեծաթիվ խնդիրների կողքին:

Դառնալով Արցախի նախագահի ուղերձի շեշտադրումներին՝ մասնավորապես հրապարակված ուղերձում կատարված փոփոխություններին, որի արդյունքում այն լրամշակվել էր քաղաքականությունից դուրս գալու դրույթի ամրագրմամբ՝ Հայրապետյանը նշեց, որ «Սա մեր վերջին խրամատն է» նախաձեռնության անդամները ընդհանրացրել են հանրային տրամադրություններից բխող պահանջները ու դրանք ներկայացրել նաև ԱՀ նախագահ Հարությունյանին և որոնց վերաբերյալ պետք է ուղերձում պետք է հստակ շեշտադրումներ արվեին»։

Նրա փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն ընդունել է հանրային պահանջները։

«Քանի որ նախնական ուղերձում քաղաքականությունից դուրս գալու և արտահերթ ընտրությունների մասին խոսք չկար, այդ պատճառով մեր պնդմամբ տեքստում կատարվել էր փոփոխություն: Մենք հստակ դիրքորոշում էինք հայտնել, որ այլևս անցել են դիվանագիտական խաղեր խաղալու, տարբեր հնարքներ կիրառելու ժամանակները»,- ընդգծել է Ա.Հայրապետյանը։

Աղբյուր` Փաստինֆո