«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ կառավարությունն աղմկում է և արդյունքը՝ անհաջողություններ. Տարոն Սիմոնյան

15/04/2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհդարանում իր ելույթը սկսեց «լուռ աշխատեք, թողեք ձեր հաջողությունները աղմկեն ձեր փոխարեն» արտահայտությամբ, ապա նկատեց՝ Հայաստանի կառավարությունը հակառակ սկզբունքն է որդեգրել. աղմկում է և արդյունքը՝ անհաջողություններ։

«Հիմա մենք կառավարության ծրագրի կատարողականն ենք քննարկում, սա լուրջ գործընթաց է, քանի որ սրա արդյունքում եթե մենք որոշենք, որ կառավարությունը լավ չի աշխատել անցած տարի, պետք է որոշակի հետևանքներ առաջանան։ Բայց ես չեմ տեսնում այստեղ այդ լրջությունը, որովհետև իշխանական պատգամավորները նախընտրական քարոզչությամբ են զբաղված, ընդդիմադիրների հարցերն անտեսվում են և այլն։ Սա պետականության նկատմամբ անլուրջ, քամահրական և անընդունելի վերաբերմունք է»,- կարծիք հայտնեց պատգամավորը։

Ըստ նրա, ՀՀ պետականության 30-ամյա պատմության մեջ այս իշխանությունն ունի 3 տարվա պատասխանատվություն, այսինքն՝ ուղիղ 10 տոկոս պատասխանատվությունը հենց այս իշխանությանն է։

«Եվ դուք եք որոշում՝ այդ 10 տոկոսն ինչպես ծախսել։ Դուք դա ծախսել եք նախկինների հետ կապված աղմուկ հանելով։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամեն իշխանություն գա ու 2-3 տարի ծախսի նախկին իշխանությունների կատարած թերություններն անընդհատ բարձրաձայնելու վրա։ Բայց պետականությունը ռեսուրս է, ճիշտ պետք է օգտագործել»,- նշեց նա։

Տաոն Սիմոնյանը նկատեց՝ իրեն զարմացրել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունը, թե ինքը կանխատեսել էր պատերազմը, սակայն պետական ինստիտուտներն այլ կանխատեսում էին կատարել և բնականաբար, դա թուլացրել էր զգոնությունը, և հայկական կողմը, ըստ էության, պատրաստ չէր այն ամենին, ինչ տեղի ունեցավ։

«2020 թվականի հունվարից ես ասում էի, որ աշնանը սպասվում է ռազմական գործողություն։ Երեք օր էի սխալվել, հոկտեմբեր էի ասել։ Դա որտեղի՞ց գիտեի։ Բացի այն, որ բանակցությունները մտել էին փակուղի, և փաստացի որևէ բանակցային գործընթաց չկար, գիտեինք։ Մեկ թղթապանակով ԵՄ գրեթե բոլոր պետությունների ԱԳ նախարարություններ էին այցելում այդ երկրներում գտնվող Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները։ Այդ թղթապանակում գրված էր, որ Հայաստանն իբր թե պատրաստվում է ռազմական գործողությունների՝ ընդդեմ Ադրբեջանի, և հարվածելու է գազամուղերին և նավթամուղերին...։ Պատճառահետևանքային կապը տեսնո՞ւմ եք»,- ասաց նա։

ԼՀԿ-ական պատգամավորը հարց հնչեցրեց՝ իսկ ինչո՞վ էր զբաղված հայկական պետական ապարատն այդ ժամանակ։

«Պատահականություն չէր, որ հուլիսին հարձակվեցին Տավուշի ուղղությամբ։ Դրանից հետո արդեն երկրորդ թղթապանակով ադրբեջանցիները սկսեցին այցելել եվրոպական երկրների ԱԳՆ-ներ։ Երկրորդ թղթապանակում էլ ասվում էր՝ այ, որ ասում էինք, տեսեք, հայերն արդեն սկսել են փաստացի հարվածներ հասցնել»,- ներկայացրեց նա։

Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ԱԱԾ-ն բացի ընդդիմադիրներին գաղտնալսելուց, սատանա փնտրելուց, էլ ինչո՞վ էր զբաղված։

«Էս ռեսուրսը փոխանակ ուղղեք պետական նպատակներին, ուղղորդում եք չգիտեմ ինչի ուղղությամբ։ 2020-ի առաջին 6 ամիսը ՍԴ այսպես կոչված ճգնաժամին նվիրվեց։ Համայն հայության մեծագույն իմքայլական սահմանադրագետը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, և պատմության մեջ մնաց որպես հայկական Թովմաս Ջեֆերսոն։ Ձեզ գոհացնո՞ւմ է արդյունքը։ Հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական փոփոխություններ գրանցեցիք՝ չհասնելով այն նպատակին, որը դրել էիք ձեր առջև...։ Աղմուկ, ոչ մի գործ»,- շեշտեց նա։

Իր ելույթում Տարոն Սիմոնյանը դիմեց իշխանություններին.

«Կլինի՞ ձեզ արդարացնելու համար մեր արտաքին քաղաքականությանը չվնասեք։ Երեկ այս ամբիոնից հնչում էր Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների դետալներ, որոնք կարող են էապես վնասել մեր արտաքին հարաբերություններին։ Թե՞ հանուն ձեր արդարացման կարելի է նաև հակապետական քայլերի գնալ»։

Եվ ի վերջո, պատգամավորը նշեց, որ Արցախի Հանրապետության՝ սահմանադրությամբ ամրագրված տարածքները բռնազավթվել են։

«Եթե այլ տարբերակներ ունեք, ապա կլինի՞ գոնե կարդաք ՀՀ հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի, որտեղ պետական դիրքորոշումը լրիվ այլ է։ Դուք գոնե թղթին հանձնված պետական դիրքորոշման դեմ բանավոր հայտարարություններ մի արեք։ Ժողովուրդ ջան, դուք էլ ընդդիմություն չեք, դուք պետության ներկայացուցիչներ եք։ Իսկ պետության ներկայացուցիչը պետության դիրքորոշումն է առաջ տանում։ Չի կարելի բառեր ասել, որոնք հակասում են պետության դիրքորոշմանը»,- եզրափակեց խոսքը նա։